05.06.2020 19:10

Լիզա Ճաղարյան. Ձեր տեղը պատմության աղբանոցն է. համակերպվեք

Լիզա Ճաղարյան. Ձեր տեղը պատմության աղբանոցն է. համակերպվեք

Բոլորս ենք հիշում Ապրիլյան քառօրյա պատերազմը, մեծ ցանկության դեպքում անգամ՝ հնարավոր չի մոռանալ։

Բարեբախտաբար չենք մոռացել նաեւ, թե Հայաստանի ժողովուրդն իր հոգու բոլոր բջիջներով ոնց էր ատում ՀՀԿ-ական իշխանությանը եւ երազում ազատվել այդ անիծյալ բեռից։

Դեռ պատերազմի առաջին օրից գիտեինք, թե ինչ հանցագործությունների հետեւանք էր այդ դաժանագույն կոտորածը։ Գիտեինք, թե տարիների ընթացքում ինչ լկտի թալան է կատարվել Հայոց բանակում, եւ թե ինչու այդքան շատ զոհ տվեցինք։

Այդ անափ ատելությամբ հանդերձ, այդ տարիների ընդդիմադիր ուժերն Ապրիլյան պատերազմի օրերին մտածում էին միմիայն Հայաստանի իշխանություններին աջակցելու մասին։ Պատճառը պարզ էր ու հասկանալի՝ մեր երեխաներն էին սահմանին կենաց-մահու կռիվ տալիս, մեր երկիրն էր ներքաշված պատերազմական գործողությունների մեջ, եւ թե այդ պահին ով էր իշխանության ղեկին՝ կարեւոր չէր։

Չգիտեմ, Հայաստանում այդ ժամանակ կա՞ր այնպիսի ուժ, որ այդքան ցանկանար իշխանությունների փոփոխություն, այդքան երկար ու հետեւողական պայքարած լիներ այդ իշխանությունների դեմ, այդքան ճնշումների ու բռնությունների ենթարկված լիներ, ինչպես Հայ ազգային կոնգրեսն էր եղել՝ իր հետ համատեղ պայքարող այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին։ Ընդդիմություն էինք, այն էլ ինչպիսի, այն էլ՝ ինչքան երդվյալ, բայց այդ շրջանում ո՛չ մի չստուգված տեղեկություն չէինք հրապարակում, ո՛չ մի ֆեյսբուքյան լուր-գրառում չէինք անում, բացի ՊՆ պաշտոնական հաղորդագրություններից։ Հակառակ տեղեկություններ չէի՞ն հասնում մեզ։ Այն էլ՝ ինչքան էին հասնում՝ մեկը մյուսից զարհուրելի։ Կարո՞ղ էինք պահն օգտագործել ու վշտից գլուխը կորցրած հասարակության զգացմունքները շահարկելով՝ գրողի ծոցն ուղարկել ատելի իշխանությանը։ Այն էլ ինչպե՜ս էինք կարող։

Նժարին՝ մեր պետությունն էր, մեր Արցախն էր, մեր զինվոր երեխաներն էին, եւ եթե մենք այդ օրերին նման կերպ պահեինք մեզ, ու՞մ կհավասարվեինք։

Պատասխանը բոլորս էլ գիտենք։ Կնմանվեինք երեկվա հանցագործ իշխանությանը, սրանց վարձկաններին, որ հիմա «ընդդիմադիր» են աշխատում՝ չխորշելով ստորության ու նենգության ոչ մի մեթոդից։

Եվ կա՞ Հայաստանում քիչ թե շատ գիտակցություն ունեցող գեթ մեկ մարդ, որի մտքով կանցնի, որ այս ծանրագույն շրջանում արտաքին թշնամուց ոչնչով չտարբերվող իրենց դավաճանական կեցվածքով իշխանությունների թիկունքին խփող այս արարածները Հայաստան պետության ու Հայաստանի քաղաքացիների մասին են մտածում, ոչ թե իրենց գրպանի պարունակության ու ստամոքսի գրգիռների։

Եթե կա, ոչ միայն ցավակցում եմ հավատացողներին, նաեւ խորհուրդ եմ տալիս խաբկանքների ծոցը չընկնել՝ ռոբասերժական հանցագործ ավազակախումբը պատմության աղբանոցից քիթը չի հանելու։

Իսկ չի հանելու, որովհետեւ հենց Հայաստանի քաղաքացիները դա թույլ չեն տալու, որովհետեւ իրենց այսօրվա հուդայական պահվածքով նախկիններն անընդհատ հիշեցնում են եւ թույլ չեն տալիս մոռանալ, որ իրենց արժանի տեղը միմիայն հենց այդ աղբանոցն է ։

Անկախ այն իրողությունից՝ այդ նույն ժողովուրդը շա՞տ, թե քիչ է գոհ իր իսկ ընտրած իշխանությունից։ 

Առողջություն բոլորիս։