07.06.2020 22:23

Աշոտ Սարգսյան. Ընդդիմության օրինակարգության չափորոշիչն էլ դավաճանություն չգործելն է

Աշոտ Սարգսյան. Ընդդիմության օրինակարգության չափորոշիչն էլ դավաճանություն չգործելն է

Մեր քաղաքական բառապաշարում «հանուն ազգի, երկրի ու ժողովրդի» հանրահայտ են ամեն տեսակ գեղեցիկ եւ բոլորին ծանոթ բառեր ու արտահայտություններ՝ «հայրենասիրություն», «պայքար», «ազատություն», «անկախություն» եւ այլն՝ հաճախ չարաշահվելուց մաշված ու իրենց բուն քաղաքական իմաստը կորցրած։ Մինչդեռ մեր քաղաքական գործելակերպում շարունակում է սուր պակասությունը՝ դեֆիցիտը,  քայլերի, գործողությունների ու պահվածքի, որոնք գուցե հնչեղ անուններ չունեն (կամ ընդհանրապես մի բառով արտահայտվող անուն չունեն), սակայն հենց դրանք են, որ գոյացնում են այդքան սիրված «ազգի, երկրի ու ժողովրդի» գոյատեւման ու զարգացման հիմք դարձած քաղաքական արդյունքները։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական քայլը՝ «Պարզունակ սիլլոգիզմի» տեսքով, այսպիսին էր. «a)      Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,  b)      Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, c)  Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի» (ilur.am, 05.06.2020

Սա երկու ամիս առաջ նույն՝ մահաբեր վիրուսի հարուցած խնդիրների առիթով նրա հրապարակած հոդվածի հիմնական ասելիքի կրկնությունն է, անհանգստության՝ փոփոխված իրավիճակին համարժեք ավելի մեծ չափաբաժնով, ավելի սուր ու սթափեցնող ահազանգով։ Քաղաքական իմաստով ասվածն այլ բան չէ, քան, այսպես ասենք, մի «ոսկե կանոն-բանաձեւի» հիշեցում, որ պարտադիր պետք է դրված լինի ամեն մի պետականության հիմքում՝ ապահովելու համար նրա գոյությունն ու կենսունակությունը։ Սակայն, ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում այս պարզ ճշմարտությունից ալեկոծվեց Հայաստանի ողջ քաղաքական դաշտը։

Արձագանքները տարբեր էին, եւ դրանց հիման վրա կարելի է անել երեք արձանագրում.

Առաջին. Մեր քաղաքական իրականությանը շատ թե քիչ ծանոթ որեւէ մեկի համար, անշուշտ, անսպասելի չէին (ինչպես նախորդ դեպքում) խիստ բացասական արձագանքները. ինչ բառով ասես կարելի է բնորոշել դրանց քաջածանոթ հեղինակների շարժառիթները, բայց ոչ երբեք՝ «քաղաքական» բառով։ Նման արձագանքների հեղինակների իրական «քաղաքական» կերպարին ու ձգտումներին շատ թե քիչ ծանոթ  յուրաքանչյուրի համար սա հանրահայտ իրողություն է եւ ապացուցման կարիք չունի։

Երկրորդ. Ինչպես նախորդ դեպքում, շատ ավելի մեծ ծավալի էին խիստ դրական արձագանքները՝ որպես դրա հեղինակի բարձր կարգի քաղաքական ու պետական գործչի մտածողության դրսեւորում եւ վարվելակերպ։

Երրորդ. Ոմանք այս առիթով հիշեցին Առաջին նախագահի նմանօրինակ այլ քայլերը։ Լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը փորձեց հավաքել այն դեպքերը, երբ, լինելով ընդդիմություն, երկրի համար վտանգի պահին՝ անտեսելով բոլոր հանգամանքները, նա կանգնել է գործող իշխանության կողքին։ Հրապարակման սկսվածքն այսպիսին է. «Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ի հրաժարականից հետո այլևս չլինելով իշխանություն՝ առնվազն 5 անգամ անուղղակի աջակցություն է հայտնել գործող իշխանություններին՝ մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանին, երկուական անգամ՝ Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին» (civilnet.am 06.06.2020):

Ճիշտ է արել Թ. Հակոբյանը, որ վերապահություն է արել «առնվազն» բառով. նման դեպքերն իրականում 5-ից ավելի են։ Ճիշտ է արել նաեւ, որ (հարգելով իր ընթերցողին) հավաքած նյութին հեղինակային մեկնաբանություն չի ավելացրել։ Միայն վերնագիրը («Լեւոն Տեր-Պետրոսյանի լռելու եւ խոսելու ժամանակը») եւ դրա տակ տեղադրած նյութերը ընթերցողին հստակ մի բան են ասում. իշխանությունից դուրս, ընդդիմադիր լինելով հանդերձ, Առաջին նախագահը երկրի, պետականության համար վտանգավոր պահերին, անկախ ամեն ինչից, անմիջապես կանգնել է օրվա իշխանության կողքին։

Այս երեք արձանագրումներից ո՞րն է ավելի վտանգավոր ու անհանգստացնող։

Թվում է, թե՝ առաջինը. ամեն մի պետականության համար կենսական՝ «ոսկե կանոն-բանաձեւին» տրված խիստ բացասական արձագանքները։

Ամենեւին։

Ցանկացած հասարակության մեջ կգտնվեն ոչ ստանդարտ մտածողությամբ ու խեղված ներաշխարհով մարդիկ, որոնք քաղաքական ասպարեզ են մտնում արագ հարստանալու մոլուցքով՝ այն դիտելով որպես ամենասովորական բիզնես։ Այնպես որ, այս դեպքում, մեկ անգամ արդեն նման հնարավորություն ունեցած, իրենց հենց այդ կերպ դրսեւորած, իսկ հիմա դրանից զրկված մարդկանց բացասական արձագանքները բնական են։ Շատ թե քիչ կայացած քաղաքական դաշտ ունեցող հասարակություններում այդպիսի մարդիկ մղվում են լուսանցք։

Զարմանալի չթվա, անհանգստացնող են երկրորդ եւ երրորդ արձանագրումները, երբ որեւէ պետականության համար «ոսկե կանոն-բանաձեւի» արձանագրումն ու դրանով առաջնորդվելը գնահատվում է որպես եզակի, էկզոտիկ, իր նմանն ու զուգահեռը չունեցող իրողություն։ Զուգահեռ, այո, չի եղել ՀՀ 30 տարվա պատմության ընթացքում։ Որ եղած լիներ, կհիշվեր ու կնշվեր։ Որ եղած լիներ, դա չէր ներկայացվի ու չէր ընկալվի որպես պետական մտածողության բացառիկ մակարդակ (Նախագահը դրա համար ունի բազմաթիվ այլ որակներ)։ Որ եղած լիներ՝ վերլուծաբան-լրագրողը չէր ձեռնարկի հավաքել համապատասխան նյութը որպես ընդդիմադիր գործչի քաղաքական վարքագծի եզակի դրսեւորում՝ «առանց մեկնաբանության» չգրված գրիֆով։

Իսկ ի՞նչ է եղել։ 1990-ականների ծանրագույն պատերազմական տարիներին եղել են ժամանակի հայտնի ընդդիմադիր գործիչների եւ ուժերի կազմակերպած ամենօրյա ցույցեր, Նախագահի հրաժարականի, «ազգային համերաշխության», «ազգային փրկության», «կոալիցիոն» կառավարության պահանջներով բազմազան ակցիաներ։ Այսինքն՝ այն, ինչ «վիրուսային պատերազմի» պայմաններում անում է այսօրվա «ընդդիմությունը», եւ ինչի դեմ արդեն երկրորդ անգամ հանդես է գալիս Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Այսինքն՝ վտանգավորն ու սարսափելին այն է, որ 30-ամյա մեր պետականության հիմքում դեռ դրված չէ որեւէ ընդդիմության վերաբերող այն «ոսկե կանոն-բանաձեւը», որ պատերազմական պայմաններում երկրի իշխանության դեմ դուրս գալը դավաճանություն է. «դավաճանություն» բառը ոչ թե գրական-գեղարվեստական կամ քաղաքական, այլ մաքուր քրեական հարթության վրա։

Իսկ գուցե սա աշխարհում էլ նոր երեւույթ է, կամ՝ ընդդիմադիր պայքարի ավելի ընդունված ու տարածված ձեւը հենց այն է, ինչ անում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը պատերազմի տարիներին, կամ ինչ անում է Փաշինյանի «ընդդիմությունն» այսօր։ Այսինքն՝ օգտվելով երկրի համար ծանր (պատերազմական կամ դրան համազոր) իրավիճակից, ամեն գնով փորձում է հասնել իշխանության։ Չասենք, թե նման դեպքեր չեն լինում։ Բայց նման դեպքերը միշտ ունենում են կատաստրոֆիկ, հենց այնպիսի հետեւանքներ, որոնք բնորոշ են դավաճանություններին։ Հեռու չգնալով, վերջին 30-ամյակի համար հիշենք ընդդիմության այդօրինակ գործելակերպի կործանարար հետեւանքները հարեւան Ադրբեջանում ու Վրաստանում։ Մեր պատմությունից հիշենք 1920 թ մայիսյան եւ 1921 թ. փետրվարյան ապստամբությունների հետեւանքները։ Որպես ավելի մեծ մասշտաբի ու ավելի ցայտուն օրինակ՝ 1917-ին բոլշեւիկյան ավանտյուրայի հետեւանքները պատերազմող Ռուսաստանում։ 

Դավաճանության բացահայտման կամ արձանագրման այս «ոսկե կանոն-բանաձեւը» ոչ միայն ընդհանրական է, այլեւ շատ հին։ Գուցե նույնքան հին, որքան պետությունների ի հայտ գալը։ Հիշողությամբ՝ անգամ մեր պատմիչների քաղաքական ընկալման մակարդակով, եթե սովորական պայմաններում տարբեր կերպ է գնահատվում որեւէ իշխանի ապստամբություն թագավորի դեմ, ապա պատերազմական պայմաններում նման վարվելակերպը հստակ դավաճանություն է համարվում։

Ոմանք համարում են, թե պետականությանն սպառնացող վտանգի պահին իշխանության կողքը կանգնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի այս վարքագիծը գալիս է սեփական «դառը փորձից»։ Նման վարքագծի համար պետք չէ «դառը փորձ» ունենալ, պետք չէ քաղաքագիտական համալսարաններ ու ակադեմիաներ ավարտած լինել եւ այլն։ Դրա համար պետք է ընդամենը տարրական բարոյականություն։ Դրա համար ընդամենը պետք է ունենալ այն նվազագույն ներքին որակները, որոնք արգելում են մարդուն, հանուն անձնական շահի, դավաճանություն գործել սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Եւ պարզվում է, որ այդ որակներն ընդդիմության դերում չեն ունեցել եւ չունեն ասպարեզում շատ թե քիչ հայտնի քաղաքական ուժերից ու գործիչներից ոչ մեկը։ Սա է սարսափելին ու վտանգավորը։ 

Իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) ունի արձանագրելի հստակ չափորոշիչներ։ Դրանք հանրահայտ են, եւ այսօրվա իշխանությունը օրինակարգ, լեգիտիմ է։

Պետության անվտանգության ու կենսունակության առումով նույնքան, երբեմն շատ ավելի կարեւոր է ընդդիմության օրինակարգությունը։ Եւ դրա չափորոշիչը նույնքան հստակ է. այն է՝ պատերազմական կամ դրան համազոր այլ իրավիճակում դադարեցնել ներքաղաքական պայքարը։ Բոլոր դեպքերում, առանց բացառության, անգամ եթե ակնհայտորեն օրինակարգ չէ գործող իշխանությունը։ Հակառակ դեպքում գործ ունենք ամենաարգահատելի երեւույթի հետ, ինչը, արժանավորապես, բնորոշվում է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ բառով՝ որպես ծանրագույն քրեական հանցանք։

Մի բան ակնհայտ է։ Համավարակային իրավիճակի վատթարացումն է, որ բերել է «ընդդիմության» ակտիվացմանը՝ հրաժարականների եւ այլ կատեգորիկ պահանջներով։

Իշխանության դեմ վերջին շրջանում կատարվող ու ծրագրվող՝ «Ռուբիկոնն անցնելու» գործողությունը հղի է հնարավոր ամենածանր, աղետալի հետեւանքներով։ Եթե պատմական աներկբա փորձի ու քաղաքականության աքսիոմատիկ ճշմարտությունների հանդիման կանգ չի առնելու դավաճանության տանող այս գործընթացը, ապա այն կանխելու գործում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը, ողջ հասարակությունը, որ անխուսափելիորեն դառնալու է դրա առաջին զոհը։ Մինչդեռ հանցակից ու պատասխանատու են դառնալու բոլոր նրանք, ովքեր որեւէ կերպ՝ անգամ լռելով ու անտարբերությամբ, նպաստելու, օժանդակելու են դրան։