08.06.2020 13:45

Մուտքը Արցախ միայն բացասական թեստով. Արցախպրես

Մուտքը Արցախ միայն բացասական թեստով. Արցախպրես

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պարետատան նիստի ժամանակ հանձնարարելու է խսիտ հսկողություն սահմանել Հայաստան-Արցախ սահմանին, ինչպես նաև հուղարկավորության արարողությունների ժամանակ։

Այդ մասին «Արցախպրես»-ի հաղորդմամբ Հարությունյանը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Հարությունյանի խոսքով, մինչ այժմ Արցախում կորոնավիրուսի գրանցված դեպքերը եղել են հատուկենտ և վերահսկելի, այդուհանդերձ, Արցախի նախագահը այսօր հանդիպելու է պարետատան անդամների հետ. այդ ընթացքում էլ կխստացվեն պայքարի դեմ կանոնները:

Հարությունյանը նշել է, որ հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ տարածման աղբյուրները հուղարկավորության արարողություններն են, և հուղարկավորության արարողությունների ու մարդաշատ այլ միջոցառումների դեպքում պետք է սահմանվեն հստակ կանոններ, իսկ բոլոր այն անձինք, ովքեր կխախտեն կանոնները, կենթարկվեն պատասխանատվության:

Բացի այդ, Արցախից Հայաստան գրեթե ամեն օր ելումուտ է անում 500-600 մարդ, և, հաշվի առնելով ՀՀ վիճակագրական տվյալները, կարելի է արձանագրել, որ ամեն օր Արցախ թույլատրում են մուտք գործել այնպիսի քաղաքացիների, որոնք հավանական աղբյուր կարող են հանդիսանալ վարակի տարածման, իսկ այդ ամենը շատ դժվար է վերահսկել:

Հարությունյանը ասել է, որ մարդկանց մուտքը պետք է նվազեցնել հանրապետության տարածք: Իսկ մինչ այդ այսօր պարետատանը կտրվի հանձնարարական, համաձայն որի, յուրաքանչյուր քաղաքացի, ով կհատի սահմանը, պետք է ձեռքին ունենա COVID-19-ի բացասական արդյունքով թեստ:

«Առողջապահության նախարարությանն էլ կտրվի հանձնարարական, որպեսզի սահմանային անցակետերում ստեղծվի արագ թեստեր հանձնելու հնարավորություն: Բոլոր Արցախ մուտք գործող անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից սահմանված կանոններին և պահպանեն այդ կանոնները հետագայում: Ըստ այդմ էլ սահմանային անցակետերում մարդկանց կտրամադրվեն տեղեկատվական թերթիկներ, որտեղ ներկայացված կլինեն պարետի ցուցումները»,- ասել է Հարությունյանը:

Նա անդրադարձել է նաեւ Արցախում դիմակի կիրառումը պարտադիր դարձնելու հարցի: Այն, ըստ Հարությունյանի, կիրականացվի փուլ առ փուլ. սկզբից կամովի, իսկ, ըստ անհրաժեշտության, համընդհանուր ու պարտադիր սկզբունքով: