09.06.2020 22:02

Որովհետեւ հայրենիք չունեն

Որովհետեւ հայրենիք չունեն

Թվում էր, թե այնքան պարզ տրամաբանական միտք է այն, որ չի կարելի օրհասական, ճակատագրական պահերին իշխանափոխության հարց դնել (ընդ որում՝ որպես առիթ օգտագործելով հենց այդ «պատերազմական» վիճակը), որ անգամ նորից իշխանության գալու մոլուցքով տառապողները դա կհասկանան: Բայց հայաստանյան իրողությունը ցույց է տալիս, որ նրանք դա չեն հասկանում:

Ավելի ճիշտ՝ հասկանում են եւ ամեն բան անում են հենց շատ լավ հասկանալով եւ միտումնավոր:

Նրանք լավ գիտեն, թե ինչ են անում եւ ինչու: Եվ անում են հաշվարկված, որովհետեւ իրենք էլ հասկանում են, որ մեկ էլ, ով գիտի՝ այսպիսի լավ առիթ ե՞րբ կունենան:

Ցավալիության աստիճան տրամաբանական պիտի լիներ, որ հիմա (գոնե հիմա) բոլոր քաղաքական ուժերը եւ նրանց կցված ակտիվիստները, ԶԼՄ-ներն ու բժշկական համայնքի ներկայացուցիչները պիտի ամեն բան մի կողմ դնեին եւ անկախ ամեն ինչից լծվեին երկիրն այս վիճակից հանելու գործին:

Թող ամեն օր նույն խորհուրդները տային, թող իրենց չլսեին, բայց իրենք դա չշահարկեին ու էլի շարունակեին իրենց քայլերը պայմանավորել մարդկանց անվտանգությամբ:

Որովհետեւ սրտացավ խորհուրդ տվողը չի մտածում՝ իրեն կլսեն, թե ոչ, այ, եթե լսեն, ինքը ինչ կանի, իսկ եթե չլսեն, ինքը ուրեմն պիտի սկսի հակառակն անել եւ այլն:

Բայց նախկինների վարքից ակնհայտ երեւում է, որ նրանց ոչ իրենց խորհուրդն է հետաքրքրում, ոչ այն, թե որքանով են դրանք իրատեսական կամ ճիշտ, եւ ոչ էլ առավելեւս այն, թե որքանով դրանք լսելի կլինեն:

Եւ եթե ավելի ուշադիր նայենք, կտեսնենք, որ նրանց տվածները խորհուրդներ էլ չեն:

Որովհետեւ մի բան ասում են, հետո նույնի հետեւանքը շահարկում, հետո այլ բան են ասում, եւ ապա շահարկում դրա հետեւանքը:

Ու ամենավտանգավորն այն է, որ այդ շահարկողների մեջ մարդիկ են, որոնք իշխանության են եղել, եւ ավելի, քան ուրիշները, գիտեն, թե ինչ երկիր են թողել ներկայիս իշխանություններին, ինչպիսին էր իրավիճակը տնտեսության մեջ, ինչ հետեւանքներ կարող է ունենալ երկրի համար 4-ից 2 փակ սահմանը, երկրի, որը պատերազմական վիճակում է գտնվում եւ ահռելի ծախսեր է անում զինված ուժերի համար, եւ այլն, եւ այսպես շարունակ:

Այսինքն, ստացվում է, որ ունենք գիտակցված շահարկում: Իսկ ինչպե՞ս դա անվանել, եթե ոչ դավաճանություն պետությանը:  

Որովհետեւ պետությունը բոլորինն է եւ ավելին է, քան այս կամ այն անձի կամ ուժի անձնական եւ քաղաքական նկրտումները:

Բայց չէ, առիթը եկել է, իրենց լեզվով ասած` «կպել է», իսկ քանի «կպել է»՝ պետք է գործեն, տորպեդահարեն, որովհետեւ քաոս են սիրում, քաոս են ցանկանում, որովհետեւ միայն այդ ժամանակ կարող են գործել:

Չեն լռելու, փաստ է:

Խանգարելու են:

Որովհետեւ մարդկանց կյանքը իրենց համար արժեք չունի:

Իսկ դա մենք տեսել ենք իրենց կառավարման տարիներին:

Որովհետեւ իրենց գլխին ավետարան չեն կարդում:

Որովհետեւ հայրենիք չունեն:

Եւ պետություն էլ չունեն:

Արսեն Օհանյան