09.06.2020 22:45

Այլևս չեն էլ թաքցնում դավաճանությունը

Այլևս չեն էլ թաքցնում դավաճանությունը

Վերջին օրերին հակաիշխանական շրջանակների տեղեկատվական գրոհները՝ միտված Հայաստանում ներքին անկայունություն հրահրելուն, նոր հորիզոններ են նվաճում։

Հատկապես վերջին օրերին, երբ հասարակության տարբեր ներկայացուցիչներ (փաստաբան  Լևոն Բաղդասարյան, դերասաններ Միքայել Պողոսյան, Սերգեյ Դանիելյան, հրատարակիչ Արմեն Մարտիրոսյան, բժիշկ Վահե Տեր-Մինասյան և այլք) սկսեցին հակաիշխանական ճամբարի գործողություններն ու պլանները ճշմարտացիորեն կոչել պետության և ազգի նկատմամբ դավաճանություն, այս շրջանակների մոտ նկատվում են խուճապային տրամադրություններ։ Նրանք հասկացել են, որ արդեն հնարավոր չէ քողարկել այդ դավաճանական վարքագիծը, այլևս չեն էլ փորձում հերքել իրենց ուղղված մեղադրանքների դրույթները։ Նրանք ընտրել են բացեիբաց հարձակման տարբերակը։ Դեռ մի քանի օր առաջ փորձում էին արդարանալ, որ սա ոչ մի պատերազմ էլ չէ, երկրում ոչ մի յուրահատուկ բան չկա, այլ ընդամենը առողջապահական ոլորտի մի ճգնաժամ, որը երես է հանել կառավարության անկարողությունը։ Բայց քանի որ հասարակությունն այդ կուտը չկերավ, այս զանգվածը ներկայումս ընտրել է ավելի ագրեսիվ մոտեցում։  Հիմա ասում են․ հա, պատերազմ է, բայց ո՞վ ասաց, որ պատերազմական շրջանի իշխանությանը չեն քցում։ Լավ էլ քցում են, ու մենք էլ քցելու ենք։

Զորօրինակ՝  «Փաստ» թերթի կայքում այսօր հրապարակվել է ոմն Արթուր Կարապետյանի մի հոդված, որտեղ հեղինակը նշում է․ «Հայաստանի իրադրությունը յուրահատուկ չէ, քանի որ համավարակը պատերազմ է հայտարարել ոչ միայն Հայաստանին, այլև ողջ աշխարհին․․․ Ընդդիմությունը հենց նրա համար է, որ բարձրաձայնի իշխանության թերացումները և քննադատի։ Ծայրահեղ դեպքում պահանջի նաև իշխանությունների հրաժարականը: Իսկ հիմա իրոք ծայրահեղ վիճակ է: Վիճակ, որի պարագայում նույն ժողովուրդը, որն իրենց իշխանության է բերել, նույն կերպ էլ կպահանջի նրանց հեռացումը, որպեսզի իշխանության գան նրանք, ովքեր կկարողանան «ավերակացս թագավորել»։

Այլևս ոչ մի սեթևեթանք։ Այս մարդիկ, ընդունելով հանդերձ, որ պատերազմի մեջ ենք, շատ լավ իմանալով հանդերձ, որ նման վարքագիծը դավաճանություն է, որ դրա արդյունքնում երկիրն ավերակների է վերածվելու, պատրաստ են գնալ այդ դավաճանությանը, որպեսզի կարողանան, ինչպես իրենք են ասում՝ «ավերակաց թագավորել»։  Ավելին, անամոթաբար իրենց այս ցանկությունը ներկայացնում են իբրև ժողովրդի ցանկություն, ինչը սուտ է։ Ժողովուրդը չի պահանջում այս իշխանությունների հրաժարականը, այլ միայն մի խումբ երիտկարիերիստ, երիտնժդեհական ու իրենց «հայրենասեր» հորջորջող արկածախնդիրներ, որոնք իշխանության տենչից կուրացած՝ անցել են բանականության և բարոյականության բոլոր սահմանները։

Այս «ճամբարը», սակայն, մի բան չի հասկանում, որ իրենց այս խոսքերի ու գործողությունների արդյունքում արժանանալու են ժողովրդի նզովքին և, հուսով ենք՝ նաև պատկան մարմինների օրինական հակազդեցությանը։ Կամ էլ, միգուցե, այս համարձակությունը գալիս է նրանից, որ վստահ լինելով պետությունն ավերակների վերածելու իրենց առաքելության հաջողությանը, այլևս չի լինելու ազգը, որից ամաչեն ու վախենան։

 

Վարդան Հակոբյան