10.06.2020 13:19

Լիզա Ճաղարյան. Հավը երազում կորեկ է տեսնում

Լիզա Ճաղարյան. Հավը երազում կորեկ է տեսնում

Ահա այսպիսի «լուր» կարդացի «անաչառագույն» կայքերից մեկում. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին անձամբ է տարել եւ ներկայացրել աշխատակազմերին․ ԶՈՒ սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին, ոստիկանության ղեկավար կազմին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ԱԱԾ ղեկավար կազմին՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Նկատենք, որ, ի բարեբախտություն անձնակազմերի, կորոնավիրուսի շնորհիվ նրանք բոլորը դիմակներով են եղել, եւ ՀՀ վարչապետն ու տեսախցիկները չեն կարողացել արձանագրել այն հիասթափությունն ու վրդովմունքը, որն այսօր տիրում է ուժային կառույցներում՝ նոր ղեկավարների նշանակումների առիթով»։

Ի դեպ, այս կարգի ԶԼՄ-ների «լուրերից» արտաքուստ «ամենաանմեղն» եմ ընտրել, եթե հիշենք, թե ինչպիսի կեղծիքներով ու բառապաշարով են լցված նախկինների «գովազդն» ու նորերի վարկաբեկումն իրար ձեռքից խլխլող այս «տարածքում»։

Ինչո՞ւ՝ արտաքուստ։

Որովհետեւ միայն կույրը կամ ինչ-ինչ շահերով առաջնորդվող կույր ձեւացողը կարող էր չտեսնել, որ եթե ԱԱԾ տնօրենի ընտրությունը միանշանակ չընդունվեց, եթե ոստիկանապետի ընտրությունը հիմնականում դրական արձագանքներ ունեցավ կամ առնվազն՝ սպասողական հանգիստ տրամադրությունն էր իշխողը (չմոռանանք, որ նախկինը ոչնչով աչքի չընկավ, մեղմ ասած),  ապա ՀՀ պաշտպանության նախարարության նոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի նշանակումը միահամուռ ոգեւորության, ավելին՝ աննախադե՛պ միահամուռ ոգեւորության արժանացավ։

Արձագանքներն այնքան դրական էին, որ նույնիսկ հանրությանը հայտնի ոհմակը ստիպված եղավ կառչել միայն մեկ «աղաղակող» փաստից՝ նորանշանակ շտաբի պետը իջեւանցի է (ինչպիսի՜ ցնցող «բացահայտում»)։

Եվ թե ինչու պետք է պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականները «հիասթափվեին ու վրդովվեին», երկու տարբերակ կա։

Մեկը սա է. ստի ու կեղծիքի ճահճի մեջ մինչեւ քթածակերը խրված լրատվամիջոցն իր պատվիրատուների ցանկությունը որպես իրականություն է ներկայացնում, ինչը անում է մի՛շտ։

Մյուսն արդեն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզելիք ու մտահոգվելիք խնդիրն է. եթե բարձրաստիճան զինվորականները «հիասթափված ու վրդովված են», որ շտաբի պետ է նշանակվել հանրության աննախադեպ հարգանքն ու վստահությունը վայելող գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ուրեմն այդ մարդկանց կենսագրության էջերը հարուստ են «հիասթափեցնող ու վրդովեցուցիչ» փաստերով, եւ դիմակների տակ միայն «հիասթափություն ու վրդովմունք» չեն թաքցրել, թաքցրել են նաեւ այն հեռանկարի նկատմամբ վախն ու տագնապը, որ մի օր պատռվելու են իրենց դիմակները։

Ես, իհարկե, լավատես եմ եւ կարծում եմ՝ առաջին վարկածն է ճիշտ. «անաչառագույն» կայքն իր եւ իր տերերի հերթական «ազգափրկիչ» երազանքն իրականության հետ է շփոթել։

Ինչպես միշտ՝ գիտակցված ու չարախինդ հաճույքով։