10.06.2020 13:49

«Արմենիա» ԲԿ-ի տնօրենը՝ համավարակի հաղթահարման, ԱՆ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին. araratnews

«Արմենիա» ԲԿ-ի տնօրենը՝ համավարակի հաղթահարման, ԱՆ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին. araratnews

Կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին araratnews-ի բացառիկ հարցազրույցը «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Գրիգորի Գրիգորյանի հետ

Պարոն Գրիգորյան, կորոնավիրուսի համավարակը կլանել է աշխարհը։ Պետություններում վարակի դեմ պայքարի ռազմավարությունները տարբեր են։ Դուք՝ որպես առողջապահության ոլորտի փորձառու մասնագետ,  ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը վերջին օրերին ահագնացող վիճակագրության ֆոնին։

Համավարակի դեմ արդյունավետ պայքարը, բնականաբար, միայն առողջապահական ոլորտի խնդիրը չէ։ Այն ենթադրում է պետական բոլոր կառույցների, առողջապահական համակարգի և հասարակության ջանքերի մոբիլիզացիան։ Եվ եթե առողջապահության նախարարության մոտեցումը մեծ հաշվով ճիշտ է եղել, թերացումներ նկատելի են մյուս գերատեսչությունների աշխատանքներում։

Բայց այսօր համավարակի դեմ քննադատության հիմնական թիրախում հենց առողջապահության նախարարությունն է։

Ես կարծում եմ, տակտիկական թերացումները մի կողմ դրած, որոնք երևի թե անխուսափելի են ցանկացած ճգնաժամային կառավարման ընթացքում, առողջապահության նախարարության ընդհանուր ռազմավարությունը ճիշտ էր ընտրված։ Արագ տեղորոշում, թեստավորում, մեկուսացում, վարակի շղթաների կոտրում, հատուկ կորոնավիրուսով վարակված անձանց համար բուժհաստատությունների առանձնացում։ Բայց վարակը կանխելու գործում անհրաժեշտ են նաև բազում այլ քայլեր, որոնք դուրս են առողջապահության նախարարության գործիքակազմից և գտնվում են մյուս գերատեսչությունների իրավասության շրջանակներում։ Մասնավորապես՝ արտակարգ դրության և կարանտինի ընթացքում կիրառված սահմանափակումների ռեալ և կոշտ կիրառումը, այդ սահմանափակումները խախտող քաղաքացիներին և մասնավոր բիզնեսին վարչական պատասխանատվության ենթարկելը և ստիպելը՝ ենթարկվելու այդ սահմանափակումներին։ Ցավոք, այդ գերատեսչությունները չցուցաբերեցին անհրաժեշտ վճռականություն այս ուղղություններով։ Ես կարծում եմ, սա է այսօր կարևորագույն հարցը, և դեռ ուշ չէ այս ուղղությամբ շտկումներ անել՝ հարթեցնելու համար վարակի կորը։ Սա մի կողմից թույլ չի տա առողջապահական համակարգի կոլապս, ջուրը չի գցի այն հերոսական ջանքերը, որ այս պահին մեր բժիշկները և բուժաշխատողները, վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, ներդնում են վարակի դեմ պայքարում, որի արդյունքում կփրկվեն առավելագույն քանակով կյանքեր։ 

Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է անել առողջապահության նախարարությունը, որ չի անում և հայտնվել է քննադատության թիրախում։

Առողջապահության նախարարի նկատմամբ քննադատությունը հատկապես նախկին շրջանակների կողմից ես բացատրում եմ հենց նրա լավ աշխատանքով։ Նախարար Թորոսյանն այս ոլորտը ղեկավարած այն եզակիներից է, որը ռեալ բարեփոխումներ է իրականացնում ոլորտում։ Նրա ղեկավարման օրոք շատ բաներ են փոխվել՝ դրական առումով։ Բայց այս թեմայով արժե խոսել մեկ այլ առիթով։ Ինչ վերաբերում է կոնկրետ առողջապահության նախարարության կողմից անհրաժեշտ քայլերին, ապա, հավելյալ ապահովագրման համար կարիք կա հնարավորինս մեծացնել կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային բազան։ Նաև հավաքագրել առավել չափով կամավորների, որոնք անհրաժեշտության դեպքում փոխարինեն վարակված բժիշկներին և բուժաշխատողներին։ Տեղեկացնեմ, որ մի քանի օր անց «Արմենիա» բժշկական կենտրոնը արդեն կունենա կորոնավիրուսով հիվանդ անձանց համար առանձնացված 50 մահճակալանոց բաժանմունք։ Անհրաժեշտության դեպքում այս ծավալներն էլ կմեծացնենք։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ հիվանդանոցները, անկախ սեփականության ձևից, պետության ռեսուրսներն են՝ հատկապես մեզ նման պատերազմի մեջ գտնվող երկրում։ Բայց կրկնում եմ, եթե բոլորս խիստ ձևով չհետևենք սահմանափակումների կիրառմանը, և մենք՝ քաղաքացիներս, չցուցաբերենք զգոն և պատասխանատու կեցվածք, ինչ էլ անի առողջապահական համակարգը, հնարավոր չի լինելու խուսափել այն իրավիճակից, երբ այլևս ռեսուրս չլինի սպասարկելու այդքան թվով հիվանդների, և նրանք հայտնվեն այս վտանգավոր վիրուսի դեմ մենմենակ։ Վերադառնալով կառավարությանն ուղղված քննադատության հարցին՝ նշեմ, որ մենք հիմա պատերազմի մեջ ենք, և բացարձակապես անընդունելի են կառավարության նկատմամբ այս ծանր պահին անվստահություն սերմանելու փորձերը։ 

Պատերազմի ժամանակ նման հարցերն անտեղի են։ Հիմա պետք է կենտրոնանալ վարակի դեմ պայքարի վրա, ոչ մի պարագայում չխանգարել կառավարությանն այս պայքարը վերջնական հաղթանակի հասցնելու հարցում։