11.06.2020 16:42

Լիզա Ճաղարյան. Ձեր դեպքում «բացիլը» հաճոյախոսություն է

Լիզա Ճաղարյան. Ձեր դեպքում «բացիլը» հաճոյախոսություն է

«Բացիլ» բնորոշումից մինչեւ հոգու խորքը խոցվել են նախկիններն ու սրանց վարձկանները, ու լկտի պոռոտախոսության «դժար գորՁն» իրենց վտիտ ուսերին առած «իգիթները» կրկին բացել են աղբանոցի կափարիչը։

Սրանց ֆեյսբուքյան էջերն՝ իրենց կենդանական անզոր չարությամբ լի մաղձաժայթքումներով, իմ տեսադաշտից յոթ սարուձոր հեռու են՝ չեմ տեսնում ու չեմ կարդում, բայց եթե հանկարծ սխալվում ու բացում եմ «անաչառ» մի քանի կայք, այստեղ ամենապատվավոր տեղերում հենց այս աղբանոցի «հռետորներն» են, եւ ուզեմ-չուզեմ՝ աչքովս ընկնում է սրանց էժանագին շանթուորոտը, եւ միայն վերնագրերն աչքի անցկացնելը լիուլի բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ է կատարվում նախկինների վարձած լրատվամիջոցներում։

Իսկ կատարվում է զարհուրելի մի բան. բարոյականությունից բարբաջում են մինչեւ ականջները բարոյազրկության գարշահոտ ճահճում ճղփճղփացողները, ազնվության մասին ճամարտակում են ստոր բնազդներով առաջնորդվող ջեբկիրները, Հայաստանի հանդեպ իրենց անհուն սիրո մասին լեզվագարում են քսան տարի այդ նույն Հայաստանն արնաքամ անողներն ու այսօր էլ «դրսից տղա» բերելու իրենց դավաճանական ջանքերը չթաքցնողները, մեծահոգության մասին ճոռոմաբանում են «սպանել-քերթել-կախել» տենչացողներն ու իրենց անլվա կճղակներով նույնիսկ երեխաների խաղասենյակների բանալու անցքից նայողները, բռնության դեմ կոկոզանում են ողջ կյանքում իրենց ու իրենց հանցագործ տերերի խնդիրները սմբակներով ու կճղակներով լուծողները, եւ այս ամենն ու սրանից ավելի խայտառակ աղբահեղեղը մատուցվում է անպատկառ ու անպարկեշտ բառապաշարով՝ «բարեկիրթ» հաղորդավարների անթաքույց հուշարարությամբ ու դիրիժորությամբ։

Եվ այս մղձավանջն սկսվել է հեղափոխությունից մի քանի օր անց եւ շարունակվում է մինչ օրս՝ սանձարձակության նորանոր բարձունքներ նվաճելով, եւ... պարզվում է՝ սա ազատ խոսք է, ու եթե ինքն իրեն «թավշյա» հայտարարած իշխանության որեւէ ներկայացուցիչ՝ սկսած վարչապետից, այս իրավիճակի իրական գնահատականն է տալիս, մեկ էլ հայտնվում են ՆՐԱ՛ՆՔ՝ աննկարագրելի բարեկիրթները, եւ սկսում երկու կողմին էլ նրբավարության դասեր տալ, չմոռանալով, իհարկե, հիշեցնել, որ այս դեպքում իշխանությունը դե՝ իշխողն է, եւ նրանց նկատմամբ ավելի խիստ պետք է լինել, իսկ ահա «ընդդիմությունը» պաշտպանության կարիք ունի, իրենք էլ դե՝ քանի որ անասելի բարի են, վկան՝ իրենց քնքշանվաղ բառապաշարը, պարտավոր են «անօգնական ընդդիմության» կողքը կանգնել։

Լուրջ եք ասո՞ւմ, քնքուշիկներ։ Իրո՞ք կարծում եք, որ ներկա Հայաստանում ինքն իրեն «ընդդիմություն» հայտարարած հանցագործների այդ լպիրշ խաժամուժն է այսօր օգնության կարոտ։ Իրո՞ք մտածում եք, որ սրանց գործած բազմահատոր հանցագործությունների բացահայտման՝ իշխանությունների թույլիկ-մույլիկ փորձերը քաղաքական հետապնդումներ են։ Ձեր այդ շողշողուն աչուկներով որտե՞ղ տեսաք այդ մոլագար ոհմակի քաղաքակա՛ն պայքարը։ Երբվանի՞ց են քրեական հանցագործները դարձել քաղաքական գործիչ, իսկ «քուչի ռազբիրատ»-ը՝ քաղաքական պայքար։ Եվ անաչառության այդ ի՞նչ կշեռք եք գործի դնում, որի նժարները ստիպում են ձեզ իշխանությունների կիսաշշուկ հակադարձումները եւ անորոշ-անկատար հակագործողությունները հավասարեցնել էն ժպիրհ սելավի հետ, որ նախկինների որջերից է թափվում օրուգիշե՛ր։

Փաշինյանն ասել է՝ բացիլ։

Շա՜տ մեղմ է ասել։

Կորոնավիրուսի դեմ դաժան պայքար մղող երկրում ստեղծված ծանր իրավիճակում իշխանություն զավթելու ծրագրեր մշակողներին, այսօրինակ ճգնաժամի շրջանում տնտեսական առաջընթացի հաշվետվություն պահանջողներին, իրենց թալանը պահպանելու եւ արդար դատից խուսափելու փրկությունը կորոնավիրուսի «զորությամբ» դիվային հրճվանքով պայմանավորողներին եւ սրանց դավաճանական ծրագիրը Հայաստանի փրկություն ներկայացող ծախու գրչակներին «բացիլ» ասելը քաղցրանուշ հաճոյախոսություն է։

Սրանց բնորոշումը մեր կայքի որդեգրած «գրաքննությամբ» չի քաջալերվում, եւ ես այստեղ վերջակետ եմ դնում։