12.06.2020 14:53

Հայհոյանքը եթերում

Հայհոյանքը եթերում

Հեղափոխությունից անմիջապես հետո նախկին իշխանությունները որդեգրեցին «երկրում մոլեգնում է ատելության խոսքն ու հայհոյանքը» քարոզչական մարտավարությունը: Պատճառներն, իհարկե, այլ տեղ էին. նրանք պարզապես չէին կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենք այլեւս իշխանության չեն, որ չեն կարողանում իշխանության ուժով վախեցնել քաղաքացիներին: Այնպես չէ, որ իշխանության եղած ժամանակ չգիտեին, որ իրենք քաղաքացիների կողմից ընտրված չեն, ու հետեւաբար՝ ոչ միայն մերժելի, այլեւ ատելի են քաղաքացիների համար: Բայց այն ժամանակ պետական բոլոր կառույցները ծառայեցնում էին վախի մթնոլորտ սերմանելու համար, որպեսզի ճնշեն քաղաքացիներին եւ խեղդեն մարդկանց ատելությունը:

Հեղափոխությունից հետո, երբ շատ ավելի մեծ թվով մարդիկ սկսեցին ազատ արտահայտել իրենց վերաբերմունքը նախկինների նկատմամբ, սրանք ճշմարտությանն առերեսվելու փոխարեն, խոստովանելու, որ այո, իրենք ատելի են, հորինեցին մի չհիմնավորված թեզ, թե իբր իշխանությունն է ստեղծել այդ մթնոլորտը, եւ իշխանության ասելով են մարդիկ իրենց քննադատում:

 Ասել է թե` ամեն ինչից զատ՝ այդ մարդիկ նաեւ տարրական ազնվություն չունեն իրենց մեղքը խոստովանելու:

Բայց քանի որ ոչ միայն անազնիվ են, այլեւ ամբարտավան, որոշեցին այդ քարոզչական տակտիկան զարգացնել այլ` արդեն հակապետական ուղղությամբ:

Նախ՝ մարդկանց քննադատական խոսքը որակեցին որպես հայհոյանքի մթնոլորտ, ապա իրենք, հենց իրենք քաղաքական դաշտ բերեցին հայհոյանքը:

Բառիս բուն իմաստով՝ հայհոյանքն ու ֆիզիկական սպառնալիքները:

Ու քանի որ թեեւ իշխանությունից զրկվել, բայց շարունակում էին տիրապետել ֆինանսական մեծ եւ մեդիայի ամենամեծ ռեսուրսներին, այդ բառացի հայհոյանքը ամենօրյա ռեժիմով հայտնվեց եթերում:

Բացեք նախկինների ցանկացած ԶԼՄ` կայք, թերթ, միացրեք նրանց ցանկացած հեռուստաալիք, լսեք նրանց «քաղաքական վերլուծությունները» եւ դիտեք հարցազրույցները: Այդ մարդկանց ԶԼՄ-ներից ուղղակի հոսում է հայհոյանքը:

Նրանք քաղաքական կերպարներ են հաղորդում ամենաանհայտ, թաղի խուժանի բառապաշար օգտագործող, ոչ մի ոլորտում աչքի չընկած ցանկացած մեկին եւ խոսափող են դեմ տալիս այդ մարդկանց, միայն թե այդ մարդիկ հայհոյեն: Հարցազրույցների եւ քննարկումների փոխարեն՝ տպավորություն է, թե բեսեդկայում նստած բակի խուժանների մոտ պարզապես տեսախցիկ են տեղադրել եւ նրանց զառացանքները եթեր են հեռարձակում:

Այսինքն, եթե երկար ժամանակ հետեւենք այդ մարդկանց ԶԼՄ-ներին, ապա կտեսնենք, որ իրական, թեմատիկ, փաստական քննադատության փոխարեն, նրանք հայհոյանք են տարածում: Իսկ հակաիշխանական ԶԼՄ-ների հեղինակային հաղորդումներում այդ առումով պարզապես սարսափ է տիրում:

Արդոն ակնհայտ է, որ դա նախկինների հստակ քաղաքական-քարոզչական գիծն է:

Նրանք անդադար պիտի այնքան գեներացնեն այդ հայհոյանքը, որ մարդիկ դա արդեն նորմալ ընդունեն, սկսեն կարծել, թե քաղաքականությունը հենց հայհոյելն է։

 Ձեռի հետ էլ երազում են «քաղբանտարկյալներ» կուտակել:

Այսինքն, եթե նախկինում քաղաքական գործիչներին ծիծաղելի եւ կեղծ մեղադրանքներով փակում էին բանտերում, եւ բոլորի համար էլ պարզ էր, որ մարդը քաղբանտարկյալ է, ապա հիմա նրանց պետք է քաղաքականությունն օգտագործել որպես վահան, կատարել ցանկացած անօրինական բան, որպեսզի անգամ ամենաճչացող ապացույցներով մեղադրանքի դեպքում իրենց քաղբանտարկյալ հռչակեն: Զուգահեռաբար էլ, այդ բացահայտ ու անդադար հայհոյանքը գեներացնելով` փորձում են ուղերձ հղել հեղափոխությունից հետո մի կողմ քաշված իրենց նմաններին, որ թույլատրելիի սահմանները հատված են, խուժանը կարող է ոտքի ելնել:

Ու դա կանեն այնքան ժամանակ, մինչեւ որ օրենքը իր ողջ խստությամբ մի օր բոլորին ուղարկի համապատասխան վայրերը:

Արսեն Օհանյան