15.06.2020 15:53

Լիզա Ճաղարյան. Շատ տխուր է, բայց ի՞նչ արած՝ փաստ է

Լիզա Ճաղարյան. Շատ տխուր է, բայց ի՞նչ արած՝ փաստ է

Ինքնապաշտպանական ինչպիսի կեցվածք ընտրեցին հեղափոխության հաղթանակի հաջորդ օրվանից իշխանությունից զրկվածները, բոլորիս աչքի առաջ կատարվեց։

Իրենց քսանամյա «քաջագործությունների» մասին Հայաստանի քաղաքացիներից մի քանի անգամ ավելի լավատեղյակ նախկինները բոլորիցս լավ էին գիտակցում, որ պատմության աղբանոցում չնեխելու միակ փրփուրը, որից կարող են կախվել՝ «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» տարբերակն է։ Գիտեին ու իրենց անմաքուր ձեռքերը շփելով՝ կատաղի փութաջանությամբ գործի անցան։

Մեջտեղ հանեցին տարիների ընթացքում կուտակած միլիարդավոր գողոնի մի մասը, գնեցին գրեթե ողջ լրատվադաշտը (բացառությունները կարելի է մատների վրա հաշվել), համախմբեցին իրենց շուրջը փողի հոտից հարբած՝ ցանկացած սրբություն պղծելու պատրաստ խաժամուժին ու հարձակվեցին նոր իշխանության վրա՝ սրտակեղեք աղաղակելով. «Հայաստանը կործանվում է, մենք եկել ենք փրկելու»։

Որտեղի՛ց են եկել, ինչպիսի քաղաքական ու բարոյական բեռով են եկել, ո՛նց է հնարավոր, որ տարիներ շարունակ երկիրը կողոպտած, քաղաքացիներին նվաստացրած, խոշտանգած ու սպանած հանցագործները «մթության քողի տակ» մատի մի շարժումով «փրկիչների» թիկնոցն իրենց ուսերին առնեն ու հաջողեն երկու տարուց ավելի՝ գիշատչի սառնասիրտ հետեւողականությամբ թունավորել լիաթոք շնչելու դեռեւս թույլ փորձեր անող Հայաստանի քաղաքացիների կյանքը, սրա մասին շատ է գրվել ու կգրվի. իմ նպատակն այս պահին դա չէ։

90-ականների ընդդիմադիրների ձեռագիրը հիշեցնող հարձակման այս ոճի գերնպատակն իրո՞ք իշխանությունը վերազավթելու ծրագիրն է, թե՞ սա սարսափը թաքցնելու միակ փրկարար կամ փրկության ափ թվացող շղարշն է։ Գուցեեւ հեռահար ու խելացնոր ծրագիրը սա է, բայց ավազակախումբը մեկ այլ առաջնային խնդիր ունի լուծելու եւ հեղափոխության հենց հաջորդ օրվանից հենց դա էլ անում է։

Մինչ նոր իշխանությունը զբաղված էր իր «աննախադեպ թավիշը» ինքնահիացմունքով թափ տալով Հայաստանի քաղաքացիների քթի առաջ, ա՛յն քաղաքացիների, որ անհամբեր սպասում էին իրենց կողոպտողների, նվաստացնողների, խոշտանգողների ու սպանողների արդար պատժին, զուգահեռաբար՝ նախկինները «կերտում էին» իրենց «լուսեղեն» քաղաքական կերպարները՝ գիտակցելով, որ վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առջեւ, եւ հանցախմբից յուրաքանչյուրի դուռն արդարադատությունը հենց բախի, իրենք արդեն երկամյա տքնաջան հետեւողականությամբ ու ջեբկիրի հնարամտությամբ ձեւած-կարած ու արդուկած «ընդդիմադիր հալածյալի» թիկնոցը կթափահարեն։

Ինչն էլ անում են։ Մեծ հաջողությամբ։

Հիմա քչերն են զարմանում, գրեթե մոռացել են, որ 2008-ի հրեշավոր բռնությունների շրջանում Վճռաբեկ դատարանում դատավորի խորհրդական, ապա դատարանի նախագահի խորհրդական էր աշխատում Ռուբեն Մելիքյանը, հենց այն նույն ժամանակահատվածում, երբ այդ նույն Վճռաբեկ դատարանի դիրիժորությամբ հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ էին դատապարտվում միմիայն խաղաղ հավաքներին մասնակցելու համար: Հեղափոխությունից հետո բոցաշունչ «իրավապաշտպան» դարձած Ռուբեն Մելիքյանի կիսաշշուկ ծպտունը որեւէ մեկը լսե՞լ է այդ օրերին, կամ այս պարոնը երբեւէ քաջաբար բարձրաձայնե՞լ է, թե այդ դատավճիռներից քանիսին է մասնակցել իր «խորհուրդներով»: Եթե որեւէ մեկը լսած լիներ, այս նույն «իրավապաշտպանը» նախորդ «ժողովրդավարական» իշխանություններից պարգեւ չէր ստանա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ հետո չէր «գործուղվի» Արցախում պաշտպանելու մարդու իրավունքները։ Թե ինչպիսի «անմոռանալի» ՄԻՊ էր Մելիքյանը, սրա մասին լռենք, մանավանդ որ՝ ասելու բան էլ չկա, որ ասենք։

Մյուս բիրդան «իրավապաշտպանի» կենսագրությունն էլ է շատ հուզիչ։ Արսեն Բաբայանն այդ նույն ժամանակահատվածում, ոչ ավել – ոչ պակաս՝ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակն էր, եւ եթե իր «իրավապաշտպանական» գործունեությամբ աչքի է ընկել, ապա դրանք եղել են լկտի ու վիրավորական որակումներով հակադարձումներն այն ահազանգերին, թե ինչ խայտառակ պայմաններում են գտնվում խաղաղ հավաքների մասնակից քաղաքական բանտարկյալները, եւ թե նրանց նկատմամբ քրեական թափթփուկները՝ իշխանությունների հովանավորությամբ, ինչպիսի բռնությունների ու խոշտանգումների «սեանսներ» են կազմակերպում բանտախցերում:

Ի դեպ, այս երկու «իրավապաշտպանների» վառ օրինակները երեսպաշտության ու գունափոխության ամենամեղմ օրինակներն են։

Թե քրեական հրեշավոր հանցագործությունների ինչպիսի բեռ կա «ընդդիմադիր» ճամբարի անթաքույց ու ստվերային առաջնորդների ու սրանց «նազիր-վեզիրների» ուսերին, եւ թե ինչպիսի անամոթ աղմուկ-աղաղակներ ենք լսել, լսում ու լսելու սրանց՝ արդարադատության դուռը բերելու փորձերի ժամանակ, արդեն տեսել ենք, տեսնում ենք ու դեռ տեսնելու ենք։

Ինչո՞ւ հասանք այս վիճակին։

Որովհետեւ այս հանցագործներին երկու տարի ժամանակ տրվեց «քաղհալածյալի» թիկնոցով ապահով ծածկվելու համար, եւ այդ ժամանակը, որքան էլ տխուր է ու անտրամաբանական՝ տվեց օրվա իշխանությունը։