15.06.2020 19:17

Ձերբակալություններ Լոնդոնում՝ «ի պաշտպանություն հուշարձանների» ակցիայից հետո

Ձերբակալություններ Լոնդոնում՝ «ի պաշտպանություն հուշարձանների» ակցիայից հետո

Շաբաթ օրը  Լոնդոնում «ի պաշտպանություն հուշարձանների» ակցիայից հետո ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, ձերբակալվել է 113 հոգի, հաղորդել է մայրաքաղաքի ոստիկանությունը։

Շաբաթ օրը, չնայած ոստիկանության կողմից զանգվածային հավաքների նկատմամբ սահմանված արգելքին, Լոնդոնի կենտրոնում՝ կառավարական շենքերի մոտ, հավաքվել են մարդիկ, որոնց մեջ առանձնանում էին ծայրահեղ աջ ակտիվիստներն ու ֆուտբոլային խուլիգանները։ Նրանք հայտարարում էին, որ եկել են պաշտպանելու հուշարձանները ռասիզմի դեմ հանդես եկող ցուցարարներից։

Վերջին օրերին Բրիտանիայում տարերայնորեն կամ իշխանությունների որոշմամբ հանվել են պատմական գործիչների հուշարձաններ, որոնք ժամանակին զբաղվել են ստրկավաճառությամբ։ Շատերին զայրացրել է նաև այն, որ ցուցարարներն անցյալ կիրակի Ուինսթոն Չերչիլի հուշարձանի վրա գրել են «ռասիստ»։ Դրանից հետո հարյուրավոր մարդիկ (հիմնականում՝ սպիտակամորթ) հավաքվել են Լոնդոնի կենտրոնում, նրանց և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։

Վարչապետ Բորիս Ջոնսոնը Twitter-ում գրել է․ «Ռասիստական ենթատեքստով բանդիտիզմը տեղ չունի մեր փողոցներում։ Ռասիզմը տեղ չունի Միացյալ Թագավորությունում։ Յուրաքանչյուր ոք, ով կհարձակվի ոստիկանի վրա, պատասխան կտա օրենքի ամբողջ խստությամբ»։

Փոխանցում է BBC-ն։