16.06.2020 14:49

Թրամփը դեմ է Սպիտակ տան աշխատանքի վերաբերյալ Բոլթոնի հուշագրության հրապարակմանը

Թրամփը դեմ է Սպիտակ տան աշխատանքի վերաբերյալ Բոլթոնի հուշագրության հրապարակմանը

Ամերիկյան ABC հեռուստաալիքը տեղեկացրել է, որ նախագահ Թրամփի աշխատակազմը փորձում է արգելափակել Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հեղինակած «Սենյակը, որտեղ դա կատարվել է» (The Room Where It Happened) գրքի հայտնվելը վաճառքում։

Բոլթոնը հիշում է դեպքեր, որոնք Սպիտակ տանը կատարվել են իր աշխատելու ընթացքում, և քննադատում է Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը։

Գիրքը վաճառքում է հայտնվելու մեկ շաբաթ հետո։ Սակայն նախագահի թիմը հայց է պատրաստում դաշնային դատարան՝ ժամանակավորապես գիրքը հանրությանը ներկայացնելն արգելելու պահանջով։ Վարչակազմը պնդում է, որ չնայած հրապարակմանը նախորդած անհրաժեշտ ստուգումներին՝  գիրքը կարող է պարունակել հույժ գաղտնի տեղեկություններ։ Թրամփի խոսքով՝ նախագահի հետ ցանկացած խոսակցություն հենց այդպիսի կատեգորիայից է, իսկ Բոլթոնը, ամենայն հավանականությամբ, իր գրքում վերարտադրում է իրենց զրույցները, հետևաբար՝ օրենք է խախտում։

Սական Բոլթոնի հրատարակիչն այլ կարծիքի է․ «Այն, ինչ տեսել է Բոլթոնը, ցնցել է նրան։ Նախագահ, որի համար միակ բանը, որ նշանակություն ունի՝ երկրորդ ժամկետում վերընտրվելն է, եթե անգամ դա կարող է վտանգել կամ թուլացնել ազգին»։

Դոնալդ Թրամփը Ջոն Բոլթոնին անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից ազատել է 2019 թ․ սեպտեմբերին՝ «իր դատողություններին չհամաձայնելու պատճառով»։

Փոխանցում է BBC-ն։