16.06.2020 15:52

ԱԺ-ում ընթանում է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու քվեարկությունը

ԱԺ-ում ընթանում է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու քվեարկությունը

ԱԺ-ում այս պահին ընթանում է ԲՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու քվեարկությունը:

Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել, ըստ որի «Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և նրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպեսզի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38, 154.2 հոդվածի երկրորդ մասով»:

Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել նաև համաձայնություն տալ Ծառուկյանին ազատությունից զրկելուն:

ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչից հետո վերջինս մինչեւ ուշ երեկո հարցաքննվել է ԱԱԾ-ում:

ԱԱԾ-ն մինչ օրս Ծառուկյանի վերաբերյալ մի քանի հաղորդագրություն է տարածել, մասնավորապես որ «ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է 29.750.000.000 դրամի վնաս», ինչպես նաեւ, որ «բացահայտվել են 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքեր»:

Ինքը` Ծառուկյանը ինչպես նախօրեին, այնպես էլ այսօր հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է, եւ որ այս քրեական գործերը հաջորդել են իր կողմից կառավարության հասցեին ուղղված այն քննադատությանը, ըստ որի «կառավարությունը ձախողվել է բոլոր ոլորտներում եւ կառավարության 100 տոկոսը պիտի փոխվի»: