16.06.2020 16:37

Զարմանալի մտահոգություն մարդկանց առողջության համար

Զարմանալի մտահոգություն մարդկանց առողջության համար

Ընդդիմադիրները (նախորդ իշխանությունները, թե ԱԺ ներկա ընդդիմադիրները) չեն դադարում ամեն օր շահարկել կորոնավիրուսի հարցը, թե իշխանությունները տապալել են վիրուսի դեմ պայքարը, չեն կարողանում այնպես անել, որ վիրուսի տարածումը նվազի, մարդիկ չվարակվեն եւ այլն, եւ այսպես շարունակ, ու դրան զուգահեռ՝ ի՞նչ ենք տեսնում այս օրերին. վիրուսի պայմաններում մարդկանց են փորձում հանել փողոց, ստեղծում կուտակումներ, որտեղ մեծամասամբ առանց դիմակի մարդիկ կիպ-կպած կանգնած են թե իրար կողքի, թե ոստիկանների կողքին:

Եւ տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ո՞վ է կրում վիրուսի տարածման այս պայմաններում այդ մարդկանց առողջության եւ հնարավոր վարակման եւ վարակի հնարավոր նոր օջախների տարածման համար պատասխանատվությունը:

Արդյո՞ք այդ մարդկանց փողոցում իրար կողք կանգնելը կազմակերպած քաղքական գործիչները այդքանը չեն հասկանում, արդյո՞ք նրանք չեն գիտակցում, որ վիրուսի տարածման նոր օջախներ են ստեղծում: Հատկապես վիրուսի տարածման հետ կապված իրենց իսկ քննադատությունների ֆոնին:

Վստահ ենք, որ հասկանում են, շատ լավ են հասկանում: Բայց դրանով նրանք շատ լավ ցույց են տալիս, որ իրենց մտահոգությունները վիրուսի տարածման, դրա հետեւանքների եւ մարդկանց կյանքի մասին ընդամենը ձեւականություններ են, քաղաքական պրիմիտիվ շահարկումներ` սեփական քաղաքական օրակարգը առաջ տանելու համար: Որովհետեւ մարդկանց առողջության համար իրապես մտահոգ մարդը, ինչ էլ որ տեղի ունեցած լինի, թույլ չէր տա մարդկանց (թեկուզ եւ մի քանի տասնյակ մարդկանց) այդպիսի կուտակումներ, էլ չենք ասում, որ ինքը նման կուտակումներ չէր նախաձեռնի: Բայց մենք փաստորեն հակառակն ենք տեսնում․ մի կողմից՝՝ այդ անձինք մարդկանց առողջությունն են շահարկում, մյուս կողմից` մի քանի տասնյակ մարդկանց տանում են վիրուսի բերան:

Իհարկե, ոմանք կասեն` դե սա քաղաքականություն է, այդպես էլ պիտի լիներ, այդ ամենը նախաձեռնողներն ասում են, թե հավաքն ինքնաբուխ է, իրենք որեւէ մեկին այնտեղ չեն բերել եւ չեն ստիպել հավաքվել: Անշուշտ, ով ինչ ուզի՝ կարող է ասել: Բայց կարեւորը ոչ թե այն է, թե ով ինչ է ասում, այլ այն, թե մենք ինչ ենք տեսնում արդյունքում: Որովհետեւ մարդկանց առողջության համար իրապես մտահոգ գործիչները, անգամ եթե տեսականորեն ենթադրենք, որ քաղաքական հայտարարությունների առումով իրավացի են, անգամ ինքնաբուխ հավաք տեսնելով` շնորհակալություն կհայտնեին, կոչ կանեին մարդկանց հարգել իրենց խոսքն ու վիրուսի պայմաններում չկուտակվել, գնալ տուն եւ զերծ մնալ հնարավոր վարակից:

Բայց մենք որեւէ նման բանի ականատես չենք եղել եւ չենք լինում: Միակ բանը, որին ականատես կլինենք, թերեւս օրեր անց վարակվածների նոր` մեծ թվի հրապարակումը կլինի, որի համար քաղաքական շահարկումներ անողները էլի կմեղադրեն իշխանություններին, թե՝ ձեր մեղքով մարդիկ շարունակում են վարակվել:

Ահա այսպիսի զարմանալի մտահոգություն ՀՀ քաղաքացիների առողջության եւ Հայաստանի համար:

 

Արսեն Օհանյան