17.06.2020 11:48

Լիզա Ճաղարյան. Միջնադարյան բորբոսի հոտ արձակող ողբերգություն

Լիզա Ճաղարյան. Միջնադարյան բորբոսի հոտ արձակող ողբերգություն

Գյումրիում մարդ է մահացել կորոնավիրուսի վարակից։ Կարծես արտառոց բան չկա այս տխուր լուրի մեջ. ամեն օր աշխարհում եւ Հայաստանում մարդիկ են մեռնում այս անողոք ու անհասկանալի վարակից։

Բայց՝ ոչ. այս դեպքը արտառոցների շարքից է։

Հանգուցյալը կտրականապես հրաժարվել է թեստավորվել եւ չի համաձայնել բուժվել հիվանդանոցային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ։

Ինչո՞ւ։

...Վախեցել է, որ «կչիպավորեն» իրեն։

Հանգուցյալի ամուսինը քահանա է։ Նա էլ էր վարակակիր։

Ամուսինը, բարեբախտաբար, դուրս է պրծել կորոնավիրուսի ճանկերից, իսկ կինը՝ ոչ։ Աստծու բարեգթության վրա են հույս դրել. դե, Աստծու բարության պաշարն էլ բավականացրել է միայն քահանային։

Եվ վե՞րջ։

Ոչ  ոք պատասխանատվություն չի՞ կրելու այս տխուր, բայց միաժամանակ ամոթալի պատմության համար։

Զանազան կայքերի, հեռուստաալիքների, տեսանյութերի միջոցով մեկը մյուսից սարսափազդու «չիպերի» մասին բարբաջողները, կորոնավիրուսը որպես դարի դավադիրների հորինվածք ներկայացնողները, սրանց շարքերում՝ նաեւ իրենք իրենց «բժիշկ» հորջորջող թյուրիմացությունները պետք է մարսե՞ն այդ խեղճ կնոջ մահը։ «Աստծու օգնությամբ» բուժված եւ իր կնոջը բժիշկների օգնությունից զրկած  քահանան աղոթելո՞վ է քավելու է իր մեղքը, եւ ոչ մեկի մտքով չի՞ անցնելու, որ սա էլ է ընտանեկան բռնության աղաղակող դեպք։

Անհետևանք փակվելո՞ւ է միջնադարյան բորբոսի հոտ արձակող եւ ողբալի այս էջը։

Եթե ոչ ոք չպատժվի, ո՞վ է այն համարձակ մարդը, որ հրապարակավ կպնդի, թե այլեւս նման ողբերգություն չի կրկնվելու։ Կամ՝ ո՞վ կարող է վստահեցնել, որ նմանօրինակ մահեր չեն եղել այս ամիսների ընթացքում, պարզապես ոչ ոք տեղյակ չէ դրա մասին, նույնիսկ հանգուցյալի հարազատները չգիտեն, որ իրենց մայրը կամ հայրը, տատը կամ պապը մահացել է Կովիդ 19 վարակից։ 

Ճի՛շտ են անում Ազգային ժողովի «Բարգավաճ»ա«Լուսավոր» խմբակցությունները, որ ուզում են ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը քննելու համար։

Եթե այս երկու կուսակցություններին չհաջողվի այդ առաջարկը վերջնագծին հասցնել՝ հանձնաժողովի նախագահի հարցում ընդհանուր հայտարարի չգալու դեպքում՝ «առաջինը ես եմ ասել», «չէ՛, ես եմ ասել» ազնիվ պայքարում, ապա հենց իմքայլականները պետք է նախաձեռնեն այս հանձնաժողովի ստեղծման գործը, որովհետեւ հասարակությունը բազմաթիվ հարցեր ունի տալու առաջին հերթին հենց այս առաջարկի ներկա պահի հեղինակներին, եւ հարց տվողներիս «բողոքի ձայնը», ինչի համար այդպես մոլեռանդորեն պայքարում են «լուսավորները», խոստանում ենք տեղ հասցնել արտակարգ դրության ժամանակ փողոցներում առանց իրենց երազած դեբոշները բեմադրելու։