18.06.2020 13:19

Բոլթոն․ Թրամփը հարցրեց, թե արդյո՞ք Ֆինլանդիան Ռուսաստանի կազմում է

Բոլթոն․ Թրամփը հարցրեց, թե արդյո՞ք Ֆինլանդիան Ռուսաստանի կազմում է

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դեռևս չհրապարակված գիրքը լրջորեն անհանգստացրել է Սպիտակ տանը։ Նախկին խորհրդականին կարող է քրեական մեղադրանք ներկայացվել, նաև վարչակազմը պահանջում է թույլ չտալ, որ գրախանութում հայտնվի գրքի արդեն լույս տեսած տպաքանակը։

Բոլթոնը ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնն զբաղեցրել է 2018 թ․ ապրիլից մինչև 2019-ի սեպտեմբեր, և պարզվում է, որ այդ ժամանակաշրջանի վերաբերյալ հուշերն ու գրառումները բավարար են եղել՝ 592 էջանոց գրքի համար։

Նախկին խորհրդականը Սպիտակ տան ղեկավարին բնորոշում է որպես «տարօրինակ» և «ապշելու աստիճանի անիրազեկ» մարդու՝ պնդելով, որ նրա այդ հատկանիշներից փորձում էին օգուտ քաղել օտար պետությունների առաջնորդները։

Բոլթոնի հավաստմամբ՝ ԱՄՆ նախագահը չգիտեր, որ Մեծ Բրիտանիան միջուկային զենք ունի, և այն ժամանակվա վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպմանը զարմացած հարցրել է․ «Օ՜, ուրեմն դուք միջուկային տերությո՞ւն եք»։

Այն ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավ Ջոն Քելլիից Թրամփը հետաքրքվել է՝ արդյո՞ք Ֆինլանդիան Ռուսաստանի կազմի մեջ է մտնում։ Նա այդ հարցը տվել է 2018 թ․ ամռանը, Հելսինկիում ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Բանակցություններից հետո էլ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ընտրություններին ռուսաստանյան միջամտության հարցում ինքն ավելի շատ հավատում է ՌԴ նախագահին, քան սեփական հետախուզական ծառայություններին։ «Ըստ երևույթին՝ Պուտինը լիաթոք ծիծաղել է՝ գնահատելով այն, ինչին ինքը հասել է Հելսինկիում»,- գրում է Բոլթոնը։

Նախագահի նախկին խորհրդականը հիշում է նաև Չինաստանի ղեկավար Սի Ձինպինի հետ Թրամփի մի քանի հանդիպումների մասին։ Նման խոսակցություններից մեկի ժամանակ նա «միանգամայն անսպասելիորեն սկսեց խոսել ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների մասին՝ ընդգծելով, որ Չինաստանի տնտեսական կարողություններն ի վիճակի են ազդելու նախընտրական քարոզարշավի վրա, և Սիին խնդրեց օգնել իրեն՝ հաղթելու այդ ընտրություններում»,-  նշում է Բոլթոնը։

Փոխանցում է BBC-ն։