18.06.2020 13:34

Վատ օր՝ Ասադների ընտանիքի համար

Վատ օր՝ Ասադների ընտանիքի համար

Ֆրանսիայի դատարանը Սիրիայի հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադի եղբայր (և գործող նախագահի հորեղբայր) Ռիֆատ Ասադին մեղավոր է ճանաչել բյուջեի միջոցները վատնելու մեջ և դատապարտել է հեռակա չորս տարվա ազատազրկման և 90 մլն եվրոյի ունեցվածքի, այդ թվում՝ ամրոցի և ձիաբուծական ֆերմայի բռնագրավման։

Միևնույն ժամանակ, դատարանը որոշում է կայացրել բռնագրավել Լոնդոնում 30 մլն արժողությամբ անշարժ գույքը, որտեղ էլ այժմ բնակվում է շնորհազրկված սիրիացի զինվորականը, որը պատմության մեջ է մտել «Համայի մսագործ» մականունով։

Ռիֆատ Ասադը՝ անվտանգության ուժերի էլիտար ստորաբաժանման երբեմնի հզոր ղեկավարը, մի ժամանակ համարվում էր Հաֆեզի ժառանգորդը։ 1982 թ․ իսլամիստների խռովությունը ճնշելու հարցում իր դերակատարման համար «Համայի մսագործ» մականվանը արժանացած Ռիֆատը երկու տարի հետո փորձել է զավթել իշխանությունը, երբ եղբայրը հիվանդանոցում էր։ Ձախողված հեղաշրջումից հետո նա աքսորվել էր Ֆրանսիա, որտեղ էլ վերջին 30 տարիներին ապրում է իր չորս կանանց և երեխաների հետ ու իրեն համարում է Սիրիայի ներկա իշխանության հակառակորդը։

Նույն օրը ուժի մեջ է մտել Բաշար Ասադի կառավարության դեմ ամերիկյան ակցիաների նոր փաթեթը։ Առաջին անգամ պատժամիջոցների տակ է հայտնվել նախագահի տիկինը՝Ասման։

Փոխանցում է  BBC—ն։