19.06.2020 12:32

Մեղադրանք Վլադիմիր Գասպարյանին, Լեւոն Երանոսյանին

Մեղադրանք Վլադիմիր Գասպարյանին, Լեւոն Երանոսյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:

Քրեական գործով պարզվել է, որ 1997-2011 թվականներին ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության /2007թ.-ից` ռազմական ոստիկանության/ վարչության պետի, ապա` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում, այն է`ՀՀ ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Վերջիններս զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՀՀ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54.790.433 ՀՀ դրամ, որից 21.691.481 ՀՀ դրամը` Վ. Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում: 

Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը` Վլադիմիր Գասպարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000 ու 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների` ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Զաքարյանին և ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Գ. Գասպարյանին:

Դրանից բացի, Վլադիմիր Գասպարյանը 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին:

Քրեական գործի  նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ: Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը:

Քրեական գործով պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը  Լևոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող` ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին` նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով  զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով` ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ոստիկանության մեկ այլ աշխատակցի հանձնարարել է աշխատանքային բուն գործառույթները կատարելու փոխարեն պետական միջոցների հաշվին իրականացնել իր ընտանիքի անդամների փոխադրումը տարբեր վայրեր: Արդյունքում 2016-2018 թվականների ընթացքում հիշյալ աշխատակցին անհիմն վճարվել է 3.750.960 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նախաքննությամբ  պարզվել է նաև, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018թթ-ի ընթացքում յուրացրել է 2.762.275  ՀՀ դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար`

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշյալ մեղադրյալների հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 114 մլն ՀՀ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն ՀՀ դրամը: Միևնույն ժամանակ պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերջինիս կինը հրամանագրված է եղել ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնին, սակայն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և մի շարք դեպքերում տևական ժամանակով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է ավելի քան 19 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Նրան նաև շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի, ապա` գնդապետի կոչում:

Վերը նշված, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների այլ դրվագներով նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: