19.06.2020 13:24

Մահացել են՝ Խրուշչովի որդին և Քենեդու քույրը

Մահացել են՝ Խրուշչովի որդին և Քենեդու քույրը

ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը, 85 տարեկանում մահացել է Ռոդ-Այլենդ նահանգի Քրանսթոն քաղաքում, հաղորդել է РБК-ն։

Մինչև տարագրվելը նա զբաղվում էր մեքենաշինությամբ և հրթիռների շինարարությամբ։ 1991 թ․ մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ դասախոսություններ կարդալու «Սառը պատերազմի» վերաբերյալ։

Սերգեյ Խրուշչովը հոր մասին մի քանի գրքերի հեղինակ է՝ «Խրուշչովը Խրուշչովի մասին», «Միութենական նշանակության թոշակառուն» և այլն։

Չորեքշաբթի իր մանհեթենյան տանը մահկանացուն է կնքել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի քույրը՝ Ջին Քենեդի Սմիթը։ Նա 92 տարեկան էր։

Քենեդի Սմիթը եղել է Դուբլինում ԱՄՆ դեսպանը և կարևոր դերակատարում է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացում և Իռլանդիայի հանրապետական բանակի հետ բանակցություններում։

1963 թ․ սպանված Ջոն Քենեդին ուներ ութ եղբայր ու քույր։ Եղբայրներից մեկը՝ սենատոր Ռոբերտ Քենեդին, նույնպես քաղաքական սպանության զոհ է դարձել 1968 թ․։

Ջինը բոլորից ամենաերկարակյացն էր։

Փոխանցում է BBC-ն։