19.06.2020 14:11

Ինչպես կփոխվի գազի սակագինը. Արմենպրես

Ինչպես կփոխվի գազի սակագինը. Արմենպրես

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն ընդունել է գազի նոր սակագնի վերաբերյալ որոշման նախագիծը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ, դրանով սահմանվում են գազի նոր սակագները, սակայն բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը մնում է անփոփոխ:

«Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը  բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀ-ն առաջարկել էր 266.71 դոլար տարբերակը: 

Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար:

Առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից: 

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը, սակայն, իր անհամաձայնությունն էր հայտնել ՀԿԾՀ-ի հաշվարկների վերաբերյալ՝ նշելով, որ գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար: