19.06.2020 15:47

Հանրային սիրո քոչարյանական իմիտացիա

Հանրային սիրո քոչարյանական իմիտացիա

Երբ դատարանը երեկ որոշեց 2 մլրդ դրամ գրավի դիմաց փոխել մարտի մեկի գործով հիմնական մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, վերջինիս պաշտպանները հայտարարեցին, թե գրավի չափը աննախադեպ է, մեծ գումար է:

Չեզոք քաղաքացիները, սակայն, պնդում էին, թե պարզից էլ պարզ է, որ Քոչարյանի համար իրականում դա չնչին գումար է, այդուհանդերձ, հենց գրավը վճարվի, պետք է մի առանձին քրեական գործ էլ այդ առումով հարուցել` պարզելու համար, թե նրան այդ գումարը որտեղից:

Ու այսօր, ահա, պարզվեց, որ քոչարյանականներն այդ հարցն էլ թատերականացված քարոզչության միջոցով են լուծում: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը առավոտ շուտ հայտարարեց, թե իբր «բազմաթիվ քաղաքացիներ եւ գործարարներ» գումարներ են փոխանցում գրավի համար:

Փաստորեն, քանի որ այլ տարբերակով Քոչարյանը չէր կարողանում ապացուցել, որ իր պնդումներն առ այն, թե իբր ինքը մեծ ժողովրդականություն ունի (իր գրասենյակի կողմից արված «պատահական» հարցում-տեսագրությունները եւ նրա հարակից մամուլի ու անձանց գրառումները չենք հաշվում), որոշել են այս միջոցով «համաժողովրդական հանգանակության» իմիտացիա ստեղծել՝ մի կողմից, մյուս կողմից էլ` «լուծել» «որտեղից այդ գումարը» հարցը:

Սակայն, որքան էլ սույն իմիտցիան շարունակաբար բեմականացվի, անգամ ոզնուն է պարզ, որ այդ ամենը սովորական բեմականացում է, եւ որ այդ գումարները, որոնք իբր փոխանցվել են կամ փոխանցվում են, հազիվ թե պատկանում են այդ փոխանցողներին, եւ հազիվ թե որեւէ բանական մարդ, (եթե իհարկե, Քոչարյանի հետ քրեական կապերով փոխկապակցված չէ) սեփական գրպանից ինքնաբուխ նվիրատվություն անի Քոչարյանի համար:

Այնպես որ, այս շոուին հավատացող չկա: Ճիշտ է, քոչարյանական մամուլն ու նրան հարակից «գործիչները» դեռ երկար ժամանակ իրենք իրենց հարցազրույց ու ասուլիսներ կտան այս թեմայի շուրջ, սոցցանցերում ստատուսներ կգրեն, բայց դա կանեն, քանի որ դա ընդամենը իրենց այսօրվա աշխատանքն է, եւ անգամ իրենք (իսկ գուցե` իրենք բոլորից լավ) գիտեն, թե իրականում ինչպիսին է հանրային վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ:

Իսկ ընդհանրապես, հանրային վերաբերմունքը պարզելն այդքան էլ բարդ չէ: Այն կամ կա, կամ չկա: Հնարավոր չէ քաղաքական եւ տեղեկատվական տեխնոլոգիաներով ստեղծել հանրային դրական վերաբերմունք: Այդպիսի տեխնոլոգիաներով կարելի է ստեղծել միայն այդ դրական վերաբերմունքի իմիտացիա, եւ եթե ունես հեռուստաընկերություններ` այդ իմիտացիան պարբերաբար եթեր հեռարձակել:

Բայց սովորական քաղաքացին եթե տասը, թե հարյուր եւ թե նույնիսկ հազար անգամ էլ եթերով լսի նույն շրջանակի մարդկանց դրվատանքները առ որեւէ մեկը, եթե անգամ տեսնի, որ իքս վերլուծաբանը եթերից եթեր է գնում եւ սեր է խոստովանում որեւէ մեկին, նրա մոտ հաստատ ինքնաբուխ դրական վերաբերմունք չի առաջանալու ոչ վերլուծաբանի, ոչ էլ իքս անձի հանդեպ: Առավելագույնը, ինչ կարող  է մտածել քաղաքացին, այն է, որ կամ վերլուծաբանին ծրարով գումար են տվել, եւ նա ընդամենը «գործ է անում», կամ` վերլուծաբանի վերաբերյալ իքս գործիչն ունի կոմպրոմատ եւ նրան օգտագործում է իր քաղաքական նպատակների համար, կամ էլ` այդ երկուսը միասին:

Այնպես որ, այստեղ ամեն բան պարզ է:

Իրական խնդիրն այլ տեղ է. այն է` իշխանությունների վարքը: Իրավական եւ մյուս ոլորտներում կոշտ բարեփոխումները պետք է արվեն, եւ պետք է արվեն արագ, հակառակ դեպքում մենք այս ամենին դեռ երկար ու դեռ ավելի շատ ականատես կլինենք:

Արսեն Օհանյան