Reuters․ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել Իրանի վիճելի օբյեկտների վերաբերյալ

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը ուրբաթ օրը ընդունել է «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) բանաձևը՝ Իրանից պահանջելով թույլ տալ այցելել երկու օբյեկտ, որտեղ, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կասկածների, հնարավոր է՝ չհայտարարված միջուկային նյութեր են պահվում։
Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների։
Ուրբաթ օրը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը, որը կազմված է 35 մասնակից պետություններից, նախագահի հրավերով հավաքվել է առերես ձևաչափով՝ քվեարկելու Իրանի հարցով մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացրած բանաձևի նախագիծը։
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազիմ Աբադին խորհրդի անդամներին կոչ է արել դեմ քվեարկել այդ բանաձևին։ Նա պարզաբանել է, որ այդ թեման 17-ամյա վաղեմություն ունի և փակվել է դեռևս 2015 թ․։ Տեխնիկական ճեպազրույցներում նաև նշվել է, որ այդ օբյեկտներն իրենցից ներկայացնում են ֆերմա և անապատ։ Բացի այդ, Իրանը մտադիր չէ իր հակառակորդների կողմից հնչող մերկապարանոց մեղադրանքերի հիման վրա ինքնըստինքյան թույլտվություն տալ այցելելու այդ օբյեկտներ։
Փոխանցում է tass.ru-ն։