19.06.2020 19:08

Ներկայացվել է ԱԺ-ով սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագիծը

Ներկայացվել է ԱԺ-ով սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագիծը

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 84-րդ, 85-րդ եւ 86-րդ հոդվածներով, ԱԺ մի խոումբ պատգամավորներ ԱԺ նախագահին են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» շրջանառության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությունը:

Առաջարկվել է սույն հարցով հիմնական զեկուցող նշանակել Վահագն Հովակիմյանին:

Նախագծով առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, եւ նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր դատավորներր: 

 

Նախագծի տեքստը ստորեւ.

 

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը

1. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:

2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: