20.06.2020 12:02

Ռաֆայել Թեյմուրազյան. Շատերը չգիտեն, որ...

Ռաֆայել Թեյմուրազյան. Շատերը չգիտեն, որ...

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է. 

«Քիչ առաջ Հայաստան ժամանեցին լիտվացի բուժաշխատողներ և փորձագետներ՝ իրենց հետ բերելով նաև 1.5 տոննա բժշկական պարագաներ։

COVID-19-ի դեմ պայքարում վերջին մոտ մեկ ամսում սա Լիտվայի երկրորդ օժանդակությունն է Հայաստանին։ Լիտվան նման միակ երկիրն է։ Վերջին երկու ամսում Լիտվայի նախագահը տեսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հետ, կապի մեջ են եղել նաև առողջապահության նախարարները, իսկ հունիսի 17-ին, ԵՄ ներքին սահմանների բացումից անմիջապես հետո Լիսաբոնում հանդիպեցին Հայաստանի և Լիտվայի պատվիրակությունները (նկարում:)):

Շատերը չգիտեն, որ Հայաստանն էլ Լիտվայի կողքին է եղել Լիտվայի նորագույն պատմության ամենածանր ու վտանգավոր օրերին՝ 1991-ի հունվարին, երբ Լիտվայի դեմոկրատական ուժերի և ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների դիմակայությունը հասել էր գագաթնակետին։ Հունվարի 13-ին ԽՍՀՄ զինված ուժերը մտնում են մայրաքաղաք Վիլնյուս, սպանվում է 14 ցուցարար։ Հայաստանն ավելի վաղ արդեն նման իրավիճակի փորձ ուներ. 1990-ի մայիսի 27-ին խորհրդային բանակի զրահատեխնիկան մտցվեց Երևան. սպանվեց 27 մարդ։

Լիտվայում իրավիճակի սրացման օրերին Վիլնյուս է մեկնել Հայաստանի ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես միջնորդ։ Ըստ Նյու Յորք Թայմսի (15.04.1991, հղումը ներքևում), Տեր-Պետրոսյանն «անդրկուլիսյան առանցքային ֆիգուր էր՝ կամավոր միջնորդական առաքելությամբ հունվարյան ճգնաժամը հանդարտեցնելու հարցում»։ Դեպքերից մեկ տարի անց Լիտվայի ղեկավար Վ.Լանդսբերգիսն այս առաքելության մասին գրել է. «Անցյալ տարվա հունվարի ողբերգական օրերին Դուք եղաք Լիտվայի ազնվաբարո պաշտպանը և ԽՍՀՄ ԳԽ պատվիրակության գործողությունների վկան ու մասնակիցը»։

Բացի սա, Հայաստանը և Լիտվան ԽՍՀՄ այն 6 հանրապետություններից էին, որոնք հրաժարվեցին մասնակցել 1991-ի մարտին Գորբաչովի նշանակած՝ միության պահպանման հարցով հանրաքվեին, և սկսեցին համագործակցել արդեն 6-ի ձևաչափով։

Շնորհակալություն Լիտվային։ #ԴիրԴիմակ