20.06.2020 12:29

Ավետ Գրիգորյան. Լրատվական մի նոր գարշահոտ աղբ

Ավետ Գրիգորյան. Լրատվական մի նոր գարշահոտ աղբ

Ավետ Գրիգորյանը Ֆեյսբուքում գրել է.

«Լրատվական մի նոր գարշահոտ աղբ:

Արմնյուզ հեռուստաալիքով օրեր առաջ ոչ անհայտ Արման Սաղաթելյանը զրուցում էր մի, այսպես կոչված էներգետիկ անվտանգության փորձագետի հետ: Թեման հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ճակատագիրն էր: Նախ անխնա քննադատեցին կառավարության կողմից ՀԱԷԿ-ի շահագործման եւ նորոգումների համար ռուսական վարկի մի մասից հրաժարվելը, հետո անցան Հայաստանի էներգետիկ համակարգի ողբալի իրավիճակին, դրանում մեղադրելով 90-ականներին արված սխալների հեղինակներին ու հետ գնալով սկսեցին տգետ մանիպուլյացիաներ անել:
Ասվեց, որ ՀԱԷԿ-ը փակվեց փողոցից իշխանության եկած մարդկանց կողմից, առանց նշելու թե երբ փակվեց: Հետո էլ հիշեցին Նաիրիտի փակումը, կրկին չնշելով, թե ով եւ երբ փակեց Նաիրիտը:
Այս բամբասանքչի մանիպուլյատորներին հիշեցնեմ, որ ե՛ւ ՀԱԷԿ-ը ե՛ւ Նաիրիտը փակվել են մինչեւ 1990 թվականը:
ՀԱԷԿ-ը փակվել է 89-ի հունվարին, Սպիտակի երկրաշարժից հետո: Ատոմակայանը փակվեց Ռիժկովի որոշմամբ, որը այդ ժամանակ ԽՍՀՄ մինիստրների սովետի նախագահն էր: Հիմնավորումը երկրաշարժի գոտում գործող ատամոկայանի վտանգն էր: Կա, իհարկե կարծիք, որ դա արվեց Կենտրոնից Հայաստանի էներգետիկ կախվածությունը մեծացնեու համար: Չեմ վիճարկում, բայց փաստ է, որ նա է փակել ատոմակայանը, երեւի դրա համար ստացավ Հայաստանի ազգային հերոսի կոչում:
Այդ կեղծարարներին հիշեցնեմ, որ 88-ի փետրվարի վերջից մինչեւ 89-ի մայիս Երեւանում ԽՍՀՄ իշխանության կողմից հայտարարված էր պարետային ժամ, որն իրացվում էր ամենայն դաժանությամբ, իսկ Ղարաբաղ Կոմիտեն 88-ի վերջից մինչեւ 89-ի մայիսը գտնվում էր Մոսկվայի Բուտիրկա եւ Մոտրոսկայա տիշինա տխրահռչակ բանտերում: Այնպես, որ խոսել թե ՀՀՇ-ն ու Լեւոնը փակեցին ատոմակայանը, մեղմ ասած ուղղորդված, տգետ մանիպուլյացիա է:
Այդ «փողոցից եկած» իշխանությունը 94-ին վերաբացեց խորհրդային իշխանությունների կողմից փակված ատոմակայանը: Եւ դա՝ 5 տարի սառեցված լինելուց հետո, ատոմակայանի վերագործարկումը, եզակի դեպք է ատոմային էներգետիկայի պատմության մեջ, ինչը խոսում է մեր մասնագետների գերազանցության մասին:
Հիշեցնեմ նաեւ, որ 90-ականների ծանր տարիներին մեր էներգետիկ համակարգում հաճախականությունը ոչ մի անգամ 0-ի չիջավ, ինչի վերականգնումը շատ դժվար, ժամանակատար եւ մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց է: Հարեւան Վրաստանում այդ նույն տարիներին համակարգը մի քանի անգամ իջավ 0-ի եւ մեծ դժվարություններով վերականգնվեց, ի դեպ, Հայաստանից այնտեղ գործուղված մեր մասնագետների աջակցությամբ: Սա նույնպես խոսում է այդ տարիներին մեր էներգետիկայի ոլորտի մասնագետների բարձր մակարդակի եւ կատարած անձնվեր աշխատանքի մասին:

Չեմ պատասխանի հաջորդ անհեթեթ պասկվիլին, թե ով փակեց Նաիրիտը: Պարզապես կխնդրեմ ծանոթանալ այդ մասին ժամանակին գրված իմ մի ստատուսին, որով կկիսվեմ ստորեւ»: