22.06.2020 17:45

Tik-Tok-ի օգտատերերը և K-pop-ի ֆանատները տապալել են Թրամփի հանրահավաքի անշլագը

Tik-Tok-ի օգտատերերը և K-pop-ի ֆանատները տապալել են Թրամփի հանրահավաքի անշլագը

Tik-Tok սոցիալական ցանցի օգտատերերը և հարավկորեական հանրաճանաչ K-pop երաժշտության սիրահարները պնդում են, որ իրենց ջանքերի շնորհիվ Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական հանրահավաքի լսարանն այնքան մեծ չի եղել, որքան ակնկալվում էր։

ԱՄՆ նախագահի կողմնակիցները համաձայն չեն այդ տեսությանը։

Շաբաթ երեկոյան Թրամփը հանդիպում է անցկացրել իր համակիրների հետ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի BOK Center մարզադաշտում, որը գրեթե 19 հազար մարդ է տեղավորում։ Սակայն լսարանն ամբողջությամբ լիքը չի եղել, տեղերի մի մասը թափուր է մնացել։ Քաղաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հանրահավաքի է եկել 6 հազար մարդ, սակայն Թրամփի ընտրարշավի ներկայացուցիչները պնդում են, որ մասնակիցները շատ ավելին են եղել։

Քաղտեխնոլոգ Սթիվ Շմիդտի պնդմամբ՝ ԱՄՆ ամբողջ տարածքում երիտասարդները Թրամփի միջոցառման տոմսեր են պատվիրել, բայց մտադիր չեն եղել մասնակցելու դրան, և դա արել են հատուկ, որպեսզի մարզադաշտը չլցվի։  Գործող նախագահի հայտնի հակառակորդ Շմիդտը տեղեկացրել է, որ այդ ակցիային մասնակցել է նաև իր դուստրը։

Ի պատասխան Թրամփի թիմի այն տեղեկությանը, թե հանրահավաքի համար բաժանվել է 800 հազար տոմս, Շմիդտը Twitter-ում գրել է․ «Իմ 16-ամյա դուստրը և նրա ընկերները հարյուրավոր տոմսեր են ձեռք բերել։ Ամերիկացի պատանիները տեղը դրեցին ձեզ»։

Այս գրառման տակ շատերը հաստատել են, որ իրենց զավակները նույնպես մասնակցել են ակցիային, ավելին, մասնակիցները միայն պատանիներ չեն եղել։ «Ես 60 տարեկան եմ, և ես 300 տոմս ունեմ»,- գրել է օգտատերերից մեկը։

«Այս ակցիան, որին մասնակցել են K-pop-ի սիրահարները և Tik-Tok-ի օգտատերերը, նպատակ ունի ցույց տալու, որ նա (Թրամփը) պարծենում է իր թվերով, ընդ որում՝ կեղծ թվերով՝ նրանցով, որոնք ակնհայտորեն ուռճացված են Tik-Tok-ի օգնությամբ»,- ասել է օգտատերերից մեկը։

Ի դեպ, հանրահավաքում Թրամփի կողմնակիցներից շատերը առանց դիմակի են եղել։

Փոխանցում է BBC-ն։