23.06.2020 17:15

Բոլթոն․ Կիմ Չեն Ինը չէր ուզում ԱՄՆ-ի հետ այնպիսի միջուկային գործարք կնքել, որը կվնասեր Թրամփին

Բոլթոն․ Կիմ Չեն Ինը չէր ուզում ԱՄՆ-ի հետ այնպիսի միջուկային գործարք կնքել, որը կվնասեր Թրամփին

ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2019 թ․ փետրվարին Հանոյում կայացած հանդիպման ժամանակ միջուկային գործարքը քննարկելիս հայտարարել է, որ ինքը շահագրգռված չէ այնպիսի պայմանագիր կնքել, որը կարող է քաղաքական վնաս հասցնել ամերիկյան առաջնորդին։

Այդ մասին ասվում է Սպիտակ տան ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքում, որը  վաճառքի է հանվել երեքշաբթի։

Նախկին խորհրդականի հուշագրության համաձայն՝ Թրամփը Կիմ Չեն Ինին ասել է, որ ինքը պատրաստ է չեղարկել ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները, սակայն Փհենյանն էլ պետք է հրաժարվի միջուկային զենքից։ Բոլթոնի հավաստմամբ՝ հյուսիսկորեական առաջնորդն իր հերթին հայտարարել է, որ Յոնբյոնի միջուկային կենտրոնը լուծարելուց բացի՝ ինքը ուրիշ ոչինչ չի կարող առաջարկել։

«Թրամփը վճռականորեն հայտարարեց, որ եթե ընդունի Կիմ Չեն Ինի առաջարկը, ԱՄՆ-ում այդ քայլի քաղաքական ազդեցությունը հսկայական կլինի, և ինքը կարող է տանուլ տալ ընտրությունները։ Կիմ Չեն Ինը արագ արձագանքեց, թե ինքը չի ցանկանում, որ Թրամփն այնպիսի բան անի, ինչը կվնասի նրան քաղաքական պլանում»,- գրել է Բոլթոնը իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել․ Հուշեր Սպիտակ տնից» գրքում։

Փոխանցում է tass.ru-ն։