23.06.2020 19:53

Իսկ ե՞րբ է ընդդիմացել Գյուլումյանը Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք

Իսկ ե՞րբ է ընդդիմացել Գյուլումյանը Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք

Ինչպես հայտնի է` երեկ ԱԺ-ն խորհրդարանական քվեարկությամբ փոփոխություններ արեց Սահմանադրության մեջ, որով ՍԴ կազմը պետք է համապատասխանեցվի 2015 թվականին ընդունված Սահմանադրության ոգուն: Այն է` պետք է պաշտոնանկ արվեն ՍԴ այն անդամները, որոնք պաշտոնավարել են ավելի, քան 12 տարի (երեք անդամ), ինչպես նաեւ ՍԴ նախագահի պաշտոնը պիտի թողնի Հրայր Թովմասյանը եւ պաշտոնավարի նոր Սահմանադրության ժամկետներով` որպես շարքային դատավոր:

Այսօր արդեն ՍԴ երեք անդամներ` Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը, բողոքում էին այդ փոփոխությունից, Թովմասյանն ընդհանրապես որոշել է, որ ինքը ինչպես աշխատել է, այնպես էլ աշխատելու է, որովհետեւ չի հասկանում, թե ինչ նախագծի մասին է խոսում: Թոխյանը ասում է, թե բա «վարկեր ունի, բա իր վարկերը ո՞վ է փակելու»: Ալվինա Գյուլումյանը գերազանցեց բոլորին, նախ հայտարարեց, թե այս փոփոխությունը իրեն չի վերաբերում, որովհետեւ իր նախորդ պաշտոնավարումը չի կարող հաշվի առնվել, եւ ապա որոշեց «հերքել» այն պնդումները, որ իրենք քաղաքականցված են եւ ծառայում են նախորդ իշխանություններին:

Չէ, ասում է Գյուլումյանը, ինքը, հակառակը, ընդդիմացող տեսակ է, եւ որպես իր ընդդիմանալու ապացույցներ հասավ 90-ականների սկիզբ ու մի քանի դատավարություններից օրինակներ բերեց, որտեղ ինքը մերժել է, ընդդիմացել է` օրինակ 1995-ի ընտրություններից է խոսում, Դաշնակցության դեմ հարուցված գործից եւ այլն:

Բայց հիմա, ուշադրություն, բոլոր օրինակները տիկին Գյուլումյանը բերում է բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարության տարիներից: Իսկ ահա՝ ընդդիմանալու ոչ մի օրինակ չի բերում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից (թեեւ Քոչարյանի օրոք էլ եղել է ՍԴ անդամ), եւ միայն նշում է, թե այդ տարիներին էլ, որպես ՄԻԵԴ դատավոր, ներկայացրել է Հայաստանն ու ծառայել մեր պետությանը: Վերջ:

Ու այդուհանդերձ, ամենակարեւոր հարցը` ինչո՞ւ տիկին Գյուլումյանը գեթ մեկ օրինակ չկարողացավ բերել այն մասին, թե ինչպես է ընդդիմացել Քոչարյանին կամ Սարգսյանին: Հատկապես, որ 2003 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման ժամանակ եղել է ՍԴ անդամ: Եթե ընդդիմանար, գոնե մեկ օրինակ էլ այն ժամանակվանից կհիշեր, բայց չի արել: Ինչո՞ւ: Մի՞թե այն պատճառով, որ 1998-2018 թվականներին Հայաստանում ոչ մի իրավախախտում չի եղել, մի՞թե այն պատճատով, որ այդ տարիներին իշխանությունները ոչ մի հատիկ օրենք չեն խախտել, ոչ մի դատավորի վրա ճնշում չեն գործադրել, մի՞թե այն պատճառով, որ ոչ մի շինծու գործ դատարաններ չեն ուղարկել, ոչ մի հանիրավի քրեական հետապնդում, ճնշում չի եղել, մի՞թե այն պատճառով, որ բոլոր ընտրությունները եղել են մաքրամաքուր այն աստիճանի, որ ընդդիմանալու առիթ չի եղել:

Իսկ գուցե այն պատճառով, որ պարզապես տիկին Գյուլումյանը դրանք չի տեսել կամ չի ցանկացել տեսնել, կամ` կիսել է իշխանությունների մոտեցումները, համաձայն է եղել նրանց բոլոր գործողություններին: Որովհետեւ դժվար է պատկերացնել, որ մի իշխանության օրոք ինքը տարբեր առիթներով անհամաձայնություններ է հայտնում, այլ իշխանության օրոք լռում է: Լռում են երկու պատճառով` կամ երբ վախենում ես (այսինքն՝ բռնապետության օրոք, երբ գիտես, որ եթե համարձակվես ընդդիմանալ, քեզ հետ գիտես` ինչ կատարվի), կամ երբ համաձայն ես լինում: Այսինքն, փաստացի դառնում ես այդ իշխանության քաղաքականության մի մասը: Եւ քանի դեռ տիկին Գյուլումյանը գեթ մեկ օրինակ չի հիշում, թե ինչպես է ընդդիմացել Քոչարյանի կամ Սարգսյանի իշխանությանը, քանի դեռ չի հայտարարել, որ լռել է վախից ելնելով, նշանակում է՝ նա համաձայն է եղել այն ամենի հետ, ինչ Հայաստանում արել են նախկին իշխանությունները ավելի քան 20 տարի, եւ կիսում է նրանց քաղաքականությունը: Եւ եթե հաշվի առնենք այն, որ մեկ էլ միայն այսօր է տիկին Գյուլումյանը սկսել անհամաձայնություններ հայտնել եւ նորից լռել նախորդների իշխանավարության տարիների մասին, նշանակում է, որ նրա քաղաքականցված լինելու մեղադրանքները հիմնավոր են, եւ նա ՍԴ անդամ լինելով հանդերձ` շարունակում է լինել Քոչարյանի եւ Սարգսյանի քաղաքական իշխանության համակիրը:

 

Հ.Գ. 2003 թվական: Մամուլից հիշատակում. ՍԴ-ում քննվում է նախագահական ընտրությունների վերաբերյալ թեկնածու Ստեփան Դեմիրճյանի բողոքը: «Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչները ցավով տեղեկացրին, որ իրենց նկատմամբ թշնամաբար են տրամադրված ոչ միայն հեռուստաընկերությունները, այլեւ ՍԴ որոշ անդամներ, հատկապես Ալվինա Գյուլումյանը: Վերջինս, ըստ Վիկտոր Դալլաքյանի, ամեն կերպ փորձում էր իրենց զրկել հարցեր տալու հնարավորությունից»:

 

Արսեն Օհանյան