24.06.2020 13:03

Պետրոս Ղազարյան. Մի քանի հրապարակային հարցադրում հարգարժան պրն․ Թովմասյանին

Պետրոս Ղազարյան. Մի քանի հրապարակային հարցադրում հարգարժան պրն․ Թովմասյանին

Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքում գրում է.

Քանի որ Հրայր Թովմասյանը հերթական անգամ մերժեց ինձ հյուրընկալվելու առաջարկը, մի քանի հրապարակային հարցադրում անեմ հարգարժան պրն․ Թովմասյանին։
Երեկ ճեպազրույցում Թովմասյանն ասաց, որ որպես իրավաբան՝ ամոթ է զգացել՝ նայելով Ազգային ժողովի նիստը։
Հարց՝
1. Պրն․ Թովմասյանը ամոթ զգացե՞լ է, երբ նայում էր բոլորիս աչքերին և ասում էր, որ իր գրած սահմանադրությունը ոչ թե Սերժ Սարգսյանին երրորդ անգամ իշխելու հնարավորություն տալու, այլ Հայաստանը ժողովրդավարեցնելու համար է։ Պրն․ Թովմասյանը ամաչո՞ւմ է բոլորիս խաբելու համար։
2 . Պրն․ Թովմասյանը ամաչո՞ւմ է, երբ Սահմանադրության մեջ խցկեց կայուն մեծամասնության ՝պառլամենտարիզմի ոգուն հակառակ դրույթը, որի միակ նպատակը ՀՀԿ-ի իշխանությունը անսասան պահելն էր։ Գոնե թեթև ամոթ կա՞։
3 . Հրայր Թովմասյանը ամաչո՞ւմ է, որ ընտրվեց ՍԴ նախագահ՝ նսեմացնելով իր իսկ գրած սահմանադրության ոգին ու բովանդակությունը։
4 . Հրայր Թովմասյանը ամաչո՞ւմ է, երբ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ՝ համոզում էր, որ ինքը կարող է քաղաքականապես չեզոք դատավոր լինել։
5 . Հրայր Թովմասյանը, որպես իրավաբան, ամաչե՞լ է, երբ Արման Մուսինյանին ասում էր՝ թող ընդդիմությունը ընտրախախտումների մասին փաստեր բերի։ Փոխանակ իր շեֆին հարցներ՝ ինչո՞ւ է իրավապահ համակարգը անգործունյա։ Ամոթ զգացե՞լ է, որ չի հասկացել՝ ընտրակաշառք բացահայտելը ընդդիմության վրա գցելը իրավաբանական անմեղսունակություն է։
6. Հրայր Թովմասյանը ամաչե՞լ է, երբ իր գրած սահմանադրությունը ակնհայտ ընտրախախտումներով անցավ։
7. Հրայր Թովմասյանը ամաչե՞լ է, որ մի կուսակցության քաղխորհրդի անդամ է եղել, որի շեֆերի նույնիսկ շոֆերները կոռումպացված միլիոնատեր են եղել։Մի կուսակցության, որ համատարած ընտրակեղծիքներ է արել։ Տեսնես մի անգամ ամաչած կա՞ սրա համար։
8. Որպես իրավաբան՝ Հրայր Թովմասյանը ամաչե՞լ է, երբ ՄԻԵԴ 4 հարցով նամակ է ուղարկում, ՄԻԵԴ-ից քաղաքավարի ասում են, որ առնվազն անհեթեթ է առաջին երկու հարցով իրենց դիմելը։
9 . Պրն․ Թովմասյանը ամաչո՞ւմ է իր նախկին կուսակիցների փոխարեն։ Երբ սահմանադրական փոփոխությունների ժամանակ հպարտությամբ ասում էին, որ նոր սահմանադրությամբ այլևս Հայաստանում անձնիշխանություն չի կարող լինել, իսկ հիմա առավոտից իրիկուն անձնիշխանություն ու բռնապետություն հաստատելու մասին ստատուսներ են գրում։
10. Չի՛ ամաչում պրն․ Թովմասյանը իր իսկ ամոթի զգացումից։ Քանի որ վերջինս խիստ ընտրողաբար է կենդանության նշաններ ցույց տալիս։