24.06.2020 14:43

Պարոն Թոխյանը լավ հիշեցրեց

Այն բանից հետո, երբ նախորդ օրն ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ 12 տարուց ավել պաշտոնավարած ՍԴ 3 անդամները պետք է ազատվեն աշխատանքից, այդ երեքից Ֆելիքս Թոխյանն էլ ճեպազրույց անցկացրեց լրագրողների հետ: Բնականաբար, նա խոսում էր այն մասին, որ պիտի պայքարի այդ որոշման դեմ, որ ինքը երբեք ոչ մի իշխանության չի ծառայել, որ ինքը 25 տարի միայն ժողովրդին է ծառայել, որ ինքը կողմնակից էր հանրաքվեին:

Բայց արանքում պարոն Թոխյանը մի ուշագրավ` մոռացված դրվագ հիշեցրեց, որին էլ կանդրադառնանք ստորեւ:

Եւ այսպես, երբ պարոն Թոխյանը պարծենում էր ժողովրդին մատուցած իր ծառայություններով, որպես առհավատչյա՝ բերեց կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքի օրինակը, երբ այն, հիշեցնենք, տարիներ առաջ քննվում էր Սահմանադրական դատարանում:

«Չեմ ուզում անձնավորեմ, ես եղել եմ այն դատավորներից, որի համար այստեղ միտինգ էր արվում իմ նկարներով` ի պաշտպանություն ինձ` էդ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ժամանակ...»,- ճեպազրույցում հայտարարել է Թոխյանը:

Ինչպես ասում են` լավ հիշեցրեց պարոն Թոխյանը, ինքը, որ չհիշեցներ, մենք մոռանալու էինք կուտակայինի ժամանակ իր հետ կապված հայտնի սկանդալի մասին:

Եւ ուրեմն, բոլորս հիշում ենք, որ երբ պարտադիր կուտակայինը բերվեց օրակարգ, ԱԺ պատգամավորները այն վիճարկում էին ՍԴ-ում, իսկ զուգահեռաբար՝ Հայաստանով մեկ այդ համակարգի դեմ ցույցեր էին տեղի ունենում:

Եւ ահա, երբ ՍԴ այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակում է իրենց երկար որոշումը, պարզվում է, որ տեքստից այնքան էլ ուղիղ հասկանալի չէ, թե վերջը` ՍԴ-ն ի՞նչ որոշեց:

Եւ ահա, 2014 թվականի ապրիլի 2-ին` որոշումը հրապարակելուց հետո, Ֆելիքս Թոխյանը հյուրընկալվում է «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը եւ մեկնաբանում է իրենց որոշումը:

«Մենք ասել ենք, օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչող որոշումը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից: Սակայն պարզից էլ պարզ է՝ հակասահմանադրական ճանաչված դրույթները չպետք է գործեն: Մենք նաեւ ասել ենք՝ մեր աշխատակարգային որոշումից հետո շուրջ 127 հազար մարդուց գանձված գումարները պետք է վերադարձվեն: Եթե դու հիմա չես վերադարձնում, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Եթե դու մինչեւ սեպտեմբեր որեւէ բան պահես, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Ուրեմն՝ անմտություն է հիմա ուղղակի պահելը, որովհետեւ բոլոր դեպքերում սեպտեմբերից հետո մարդկանց փողերը վերադարձնելու ես»,- մեկնաբանում է Թոխյանը:

Հաղորդումը վարողը հարցնում է՝ «Այսինքն, աշխատողները կարո՞ղ են պահանջել գործատուից, ասել՝ մի կիրառեք պարտադիրը, եւ պետք է պահում չլինի»:

«Այո՛, իհարկե», - պատասխանում է ՍԴ անդամ Թոխյանը:

Մինչդեռ մեկ ժամ հետո հեռարձակված «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման ժամանակ Թոխյանը հայտարարում է միանգաման հակառակը՝ «թյուրիմացություն է, պարտադիր պահանջը չի վերացվել: Մինչեւ սեպտեմբերի 30-ը պարտավոր են վճարել, սա միանշանակ է»:

Իսկ հաջորդ օրն արդեն պարզվում է, որ Ֆելիքս Թոխյանի խնդրանքով, «Արմնյուզ» հեռուստանըկերությունը եթերից հանում է ապրիլի 2-ի «Բանաձեւ» հաղորդման կրկնությունը: Հաղորդման տեսագրությունը նույն պատճառով բացակայում է նաեւ հեռուստաընկերության կայքից, հաղորդման տեսագրությունը հեռացվում է նաեւ Ucom ընկերության տրամադրած թվային հեռուստատեսության շտեմարանից:

Ինչպես տեսնում ենք, այն, ինչով այսօր հպարտանում է պարոն Թոխյանը՝ որպես խիզախություն, իրականում լրիվ հակառակն է եղել: Նա սկզբում հայտարարել էր, թե իրենց որոշումը հակասահմանադրական է ճանաչել պարտադիր լինելու դրույթը, իսկ կարճ ժամանակ անց արդեն` «անհասկանալի պատճառներով» փոխել էր խոսքը:

Ինչ եզրակացություն կարող ենք անել այստեղից. կամ ՍԴ հարգարժան անդամն այնքան էլ լավ իրավաբան չէ եւ իրենց իսկ կողմից կայացված որոշումն ի վիճակի չի եղել մեկնաբանել, կամ` իրավաբանի վրա կատարվել է քաղաքական ուղղակի ներազդեցություն, եւ նա ստիպված է եղել ժամերի ընթացքում 180 աստիճանով փոխել իր խոսքը: Իսկ ոչ առաջինը, ոչ երկրորդը հաստատ հպարտանալու բան չէ: Եթե, իհարկե, հույս չունես, որ մարդիկ մոռացել են տեղի ունեցածը, ապացույցներն էլ` հետը: Ինչպես դասականն էր ասում, սակայն` ձեռագրերը չեն այրվում:

Հ.Գ. Առաջին տեսանյութում Թոխյանի առաջին` հեռացված մեկնաբանությունն է:

Երկրորդում` հակառակ մեկնաբանությունը:

 

iLur.am