24.06.2020 16:30

ԿԺԴՀ-ն կասեցրել է ռազմական պլանը Հարավային Կորեայի դեմ

ԿԺԴՀ-ն կասեցրել է ռազմական պլանը Հարավային Կորեայի դեմ

ԿԺԴՀ պետական զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրի  ղեկավարությունը կասեցրել է Հարավային Կորեայի դեմ «ռազմական գործողությունների պլանը»։

Ինչպես հաղորդում է հարավկորեական «Յոնհափ» գործակալությունը, հյուսիսկորեական իշխանությունները նաև սկսել են ապամոնտաժել քարոզչության նպատակով անցյալ շաբաթվանից տեղադրվող բարձրախոսները։

Վերջին ամիսներին ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել էին։ Հունիսի 16-ին Փհենյանը պայթեցրել էր Հարավային Կորեայի հետ համագործակցության միացյալ շտաբի շենքը, որը գտնվում էր սահմանամերձ Կեսոն քաղաքում։

Ընդ որում՝ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի իշխանություններին մեղադրում է նրա համար, որ նրանք չեն խանգարում, որ ակտիվիստները փուչիկների միջոցով սահմանից դեպի Հյուսիս ուղարկեն թռուցիկներ և այլ քարոզչանյութեր։

ԿԺԴՀ առաջնորդի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, զինված ուժերին հրամայել էր «վճռական գործողությունների դիմել»։ Հաղորդվում էր, որ ի թիվս այդ գործողությունների՝ սահմանամերձ շրջաններում զորք կմտցվի, կրկին կբացվեն պահակակետերը ապառազմականացված գոտում, կվերսկսվեն զորավարժությունները։

Սակայն այժմ հյուիսկորեական լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նիստ է անցկացրել և որոշել է կասեցնել այս պլանի իրականացումը՝ ելնելով ստեղծված իրավիճակից։

Փոխանցում է BBC-ն։