ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Պլատֆորմի աջակցության վերաբերյալ
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը․
- կարևորելով Հայաստանում ոլորտային և ինստիտուցիոնալ բարեփոխումների հետևողական, մասնակցային և թափանցիկ իրականացման անհրաժեշտությունը,
- ակնհայտ համարելով, որ կոռուպցիայի և ապօրինությունների դեմ հասարակության պատվերի հիման վրա նոր իշխանությունների կողմից իրականացվող պայքարն արժանանում է նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի ժառանգորդների դիմադրությանը,
- գնահատելով Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը ս․թ․հուլիսի 7-ին վերսկսելու վերաբերյալ որոշումը՝ որպես Դատարանի կողմից առանձին քաղաքական խմբերի շահերը սպասարկելու բացահայտ դրսևորում,
- վտանգ տեսնելով նախկին ռեժիմի ներկայացուցիչերի գործողություններում ՀՀ-ում ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև արդարության վերականգնման համար,
- մտահոգված լինելով դատական համակարգի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու առկա միտումներով՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է.
- ողջունում ենք ՀՀ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ՝ կոչ անելով օգտագործել հասարակությունում առկա ողջ ներուժը պայքարի արդյունավետության բարձրացման համար,
- մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Սահմանադրության փոփոխությունների իրականացման գործում,
- ողջունում ենք Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ վերջիններիս անդամ պետությունների ղեկավարների աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին,
- կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանում իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներում հասարակության ակտիվ և լիարժեք մասնակցությունն ապահովելու համար, մասնավորապես՝ ստեղծել և զարգացնել ինստիտուցիոնալ շրջանակներ՝ դրանցում քաղաքացիական հասարակության ներգրավման համար,
- հորդորում ենք ՀՀ իշխանություններին դրսևորել վճռականություն և հետևողականություն բարեփոխումների իրականացման գործընթացում,
- կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տալ նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմի և ժողովրդի իշխանության շարունակական յուրացման իրավաքաղաքական գնահատականը,
- հորդորում ենք ՀՀ իշխանություններին հետամուտ լինել դատական համակարգի լիակատար և խորքային զտման (վեթինգի) վերաբերյալ իրենց խոստմանը և անհապաղ սկսել դրա իրականացումը,
- կոչ ենք անում Հայաստանի բոլոր ժողովրդավարական ուժերին առժամանակ մի կողմ թողնել միմյանց և ՀՀ իշխանությունների հետ ունեցած բոլոր տարաձայնությունները՝ միավորելով ջանքերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում,
- կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանի խմբակցություններին խուսափել Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ տալուց։