25.06.2020 19:16

ՌԴ-ում մեկնարկում է Սահմանադրական փոփոխությունների քվեարկության շաբաթը

ՌԴ-ում մեկնարկում է Սահմանադրական փոփոխությունների քվեարկության շաբաթը

Հունիսի 25-ին մեկնարկում է Սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան քվեարկության շաբաթը։

Առաջին անգամ քվեարկությունը կտևի մեկ շաբաթ և կանցնի համաճարակաբանական հատուկ նախազգուշական միջոցառումներով։ Բացի այդ, քարոզչության սովորական կանոնները չեն գործում, և քվեարկության արդյունքները բողոքարկել չի կարելի։

ԿԸՀ-ում նախատեսել են, որ ընտրատեղամասերի թողունակությունը կկազմի ժամում 8-12 մարդ։ Բացի դրանից՝ յուրաքանչյուր մեկ ժամը մեկ ընտրատեղամասերը կփակվեն 10 րոպեով՝ ախտահանվելու համար։ Այդ ընթացքում ընտրատեղամասերում գտնվող բոլոր անձինք կհեռացվեն այնտեղից։

Շատ քաղաքներում ընտրատեղաասերում մրցանակներ կխաղարկվեն՝ հանրաքվեին մասնակցության համար։ Մրցույթի մասնակիցներին կշնորհվեն բացառիկ QR-կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկել մասնակցությունը, գրել է Reuters գործակալությունը։

Այն, որ քվեարկությունը կատարվելու է ոչ թե մեկ օրվա ընթացքում, այլ մեկ շաբաթվա, էականորեն բարձրացնում է կեղծիքների հնարավորությունը, հայտարարել են ընտրությունները դիտարկող «Голос» և «Сонар» կազմակերպությունները։ Դիտորդների համար դժվար կլինի հետևել հնարավոր խախտումներին, քանի որ  նրանք չեն կարող հետևել, թե ինչ է տեղի ունենում ընտրատեղամասերում քվեատուփերի հետ գիշերը կամ ընտրատարածքները ախտահանելու ընթացքում։

Փոխանցում է BBC-ն։