29.06.2020 17:35

Սրանից ավելի քաղաքականացված մարմի՞ն

Սրանից ավելի քաղաքականացված մարմի՞ն

Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամների եւ նախագահի համառությունն ապշեցնող են: Ամեն կերպ դիմադրում են` փորձելով վերջին սահմանադրական փոփոխությունները ներկայացնել իբրեւ քաղաքական, իրենք էլ, իբր` ապաքաղաքական մարմին են, որ ոչ թե քաղաքական շահեր, այլ` իրավունքն ու Սահմանադրությունն են փորձում պաշտպանել:

Այո, դե յուրե այդ մարմինն ամբողջությամբ եւ այդ մարմնի մաս կազմողներից յուրաքանչյուրն առանձին՝ հենց այդ առաքելությունն ունեն: Այո, դե յուրե իրենք այնտեղ են որպես Սահմանադրության պաշտպաններ: Բայց դա միայն՝ դե յուրե: Իրականում, սակայն, հատկապես, 2018-ից հետո` մենք բացահայտ ականատեսն ենք լինում այն իրավիճակի, որ Սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական կառույցի: Այդ մարմինը, որ մինչ այդ հայտնի էր նրանով, որ ժամանակ առ ժամանակ հանրային հնչեղություն ունեցող հարցեր էր քննում հօգուտ գործող իշխանությունների, հեղափոխությունից հետո իր վարքով, անդամների հայտարարություններով ոչ միայն քաղաքական, այլեւ` փաստացի կուսակցական կառույց դարձավ: ՍԴ-ն մտավ բաց առճակատման մեջ  իշխանությունների հետ` որպես քաղաքական ընդդիմախոս, իրավականության եւ իրավունքի քողի տակ սկսեց քաղաքական գործիչների շահերը սպասարկող քայլեր կատարել եւ, փաստացի, ինչ-որ պահից վերածվեց նախորդ իշխանությունների եւ մասնավորապես ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակի:

Իհարկե, նրանք կհերքեն դա, ինչպես հերքել են նախկինում, կհայտարարեն էլի ու նորից, որ իրենք անձերի գործեր չեն քննում, այլ նայում են բացառապես օրենքների, հոդվածների եւ Սահմանադրության համապատասխանությանը:

Բայց ասելը մի բան է, գործելն` այլ։

Եւ իրենց` ՍԴ-ն քաղաքական կառույցի վերածելու վերջին ու ցցուն քայլն այն էր, թե ինչպես ճիշտ նույն պահին, երբ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ էր կատարում` ՍԴ որոշ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ, ա՛յ հենց այդ պահին նրանք հապշտապ հահվաքվեցին եւ Քոչարյանի գործի քննության օր նշանակեցին` պարզ հաշվարկով, որ հասցնեն մինչեւ Արմեն Սարգսյանի ստորագրությունը որոշում կայացնել: Ու երբ հայտնի դարձավ, որ այդ պահանջն էլ փոխվեց ԱԺ-ում, երեսպաշտությունն ավելի բացահայտ դարձավ:

Այսինքն, նրանց ձեռքերը փաստացի բռնեցին քաղաքական գործունեություն ծավալելու պահին, նրանք թե` էս էն չի,  ինչ դուք մտածում եք:

Թեեւ, եթե այլ բաներ չանեին ու չասեին էլ, միայն այդ շտապ հավաքը արդեն այնքան մեծ ապացույց էր, որ այլ ապացույցի անհրաժեշտություն չկար:

Սակայն, նրանք շատ բան կարող են հայտարարել ու կհայտարարեն:

Որովհետեւ հատել են ռուբիկոնը, անցել են անդառնալիության այն սահմանը, որից հետո այլեւս վարքի փոփոխություն չի կարող լինել: Պիտի փարիսեցիությամբ շարունակեն պնդել, թե իրենք ինչ անում են՝ ճիշտ են անում, որ մենք պետք է հավատանք իրե՛նց, ոչ թե՝ մեր աչքերին:

Այդ ամենը, սակայն, այլեւս ոչ մի նշանակություն չունի:

Ինչպես «դասականն» էր ասում` «սա փոքր երկիր ա», այստեղ բոլորն ամեն ինչ արագ տեսնում եւ հասկանում են, գիտեն:

Հետդարձի ճանապարհ չկա, պետք է արագ առաջադրումներ կատարել եւ նոր դատավորներ ընտրել:

Արսեն Օհանյան