29.06.2020 19:27

Վահրամ Թոքմաջյան. Ինչ է հանրակրթությունը

Վահրամ Թոքմաջյան. Ինչ է հանրակրթությունը

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Ֆեյսբուքում գրում է.

«Տարիներ առաջ պատմության ուսուցչուհի ունեի՝ Ասատրյան Աիդան: Դասերից հետո նա անցնում էր փողոցով: Գիտեր, որ փողոցում միրգ-բանջարեղեն ու այլ մանր բաներ եմ վաճառում: Հինգերորդ դասարան էի: Նստում էր կողքիս ու խոսում էինք տարբեր թեմաներից: Սովետից, դասից, տրիկոտաժից, մարդուց: Հայոց պատմությունից երկու չորս եմ ստացել կյանքում: Մեկը նշանակել էր Աիդան: Հարցրեց՝ ի՞նչ է գիրքը: Ես ամեն օր գիրք կարդում էի, բայց չկարողացա ասել, թե ինչ է գիրքը:
Աիդան ինձ տվեց ամենակարևորը՝ հարցեր տալու ու պատասխաններ փնտրելու արվեստը:

Տարիներ հետո ինքս դարձա ուսուցիչ: Մի ժամանակ, տիկին Մարիետ Սիմոնյան -ի հետ գնում էինք մեր սովորողների հետքերով: Տուն, ընտանիք, կենցաղ, միջավայր: Հասկանալու՝ ինչպե՞ս են ապրում, ինչո՞վ են զբաղված, ինչու՞ չեն առաջադիմում, ի՞նչ խնդիրներ ունեն: Հետո դադարեցինք: Երևի սխալ էինք:

Հիմա շատ են քննարկում, թե ինչ է հանրակրթությունը, դրսից մարդիկ են բերում, որոնք պայծառ աչքերով մեզ պատմում են այդ մասին: Մենք հիանում ենք, երբեմն ինքներս մեզ հանդիմանում՝ թե ոնց գլխի չէինք ընկել: Ինչ խելացի են դրսի մարդիկ:

Իրականում հանճարեղ ոչինչ չկա: Հանրակրթությունը հանրության կրթությունն է: Հանրակրթությունն անհատն է ու մենք:
Հանրակրթությունն իրական մարդիկ են՝ բարուրից մինչև ընտանեկան, ներանձնային, սիրային ու ֆինանսական խնդիրներով երեխաներ, դեռահասներ, պատանիներ: Մարդիկ, որոնցից ոմանք դասերի չեն գալիս, որովհետև կոշիկն է ծակ, իսկ ոմանք կաշկանդվում են, որովհետև հարբեցող հերը ծեծել է տուն պահող մորը: Չեն խոսում, որովհետև սիրահարված են կամ շատ են խոսում, որովհետև այլ լսող չունեն: Մի անզգույշ խոսք՝ ու դու դեռահասի թշնամին ես: Տեղին թողած ժպիտ ու դու նրա հերոսն ես:
Հանրակրթությունն ընկերներ, մարդիկ են: Մարդիկ, որոնք սիրահարվում են, սովորում, ատում, կռվում, նեղանում, հեռանում, նորից գալիս ու փարվում: Հանրակրթությունը ոչ թղթերն են, ոչ սենյակներում մսխած միջոցները, ոչ էլ էշ դիտարկումները՝ դեմքի ջորու արտահայտությամբ:

Հետևը սրբելուց մինչև սիրելիին սրճարան հրավիրել, փողոցում աղբ չթափելուց մինչև սեփական մորը հարգել, պետությանը փարվել ու շենքի դուռը ներկելը հանրակրթություն է: Մենք բոլորս մասնակիցներն ենք այդ հանրակրթության...

Անավարտ»: