30.06.2020 21:34

Քաղաքական մերկության պերճանքն ու թշվառությունը

Քաղաքական մերկության պերճանքն ու թշվառությունը

Իրեն Ղարաբաղյան կարգավորման կառկառուն գիտակ համարող և այդ գործընթացում հսկայական դերակատարության հավակնող Արմեն Աշոտյանը, հակաճառելով Սամվել Բաբայանին` գրում է (Հրապարակ, 29.06.2020). «Երբ պարոն Բաբայանը 90-աններին զբաղեցնում էր ՊԲ ղեկավարի պաշտոնը, նա առանձնապես դեմ չէր արտահայտվում այդ ժամանակ քննարկվող, այդ թվում՝ փուլային տարբերակներին, որոնք ենթադրում էին, օրինակ, Արցախի ինքնավարություն Ադրբեջանի կազմում»:

Պարզվում է, որ Արցախյան խնդրին իրեն քաջագիտակ համարող այս պոռոտախոսը բացարձակ պատկերացում չունի 1997թ. փուլային տարբերակի մասին, որում ոչ մի խոսք չկա Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության մասին: 1997-ի փուլային տարբերակը հրատարակված է (Aniarc.am):

Ահա այդ փաստաթղթի` Արցախի կարգավիճակին վերաբերող դրույթը. «VIII. Կողմերն անհապաղ հիմնում են մշտական խառը հանձնաժողով սույն համաձայնագրում Ադրբեջանին և ԼՂ-ին առնչվող խնդիրներին վերաբերվող դրույթների իրականացմանը հետևելու նպատակով: Մշտական խառը հանձնաժողովի նախագահը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն է` մեկական փոխնախագահներով Ադրբեջանից և ԼՂ-ից: ... Սույն համաձայնագրի երեք կողմերը (Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը-խմբ. կողմից), այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի ու համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում` քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը»:

Այստեղից բխում է, որ Լեռնային Ղարաբաղը վճռական ձայնի իրավունք է ստանում իր վերջնական կարգավիճակի լուծման հարցում:

Զարմանալ կարելի է, թե ինչպես Աշոտյանը, որ բախտի բերմամբ, թե պատահմամբ մղձավանջի տարիներին պետական բարձր պաշտոններում է հայտնվել (նախարար, ԱԺ պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ) կատարելապես մերկ է Ղարաբաղյան կարգավորման պատմության ու բանակցային գործընթացի բովանդակության իմացությունից: Վերածվելով իրենց իշխանության տարիներին իրականացվող ստի ու կեղծիքի քարոզչության մի մասնիկի` Աշոտյանը դարձել է իրենց հնարած ստի զոհը` հերթական անգամ դառնալով հասարակության ծաղրի առարկան:

Այդուհանդերձ, մեր պարտք ենք համարում շնորհակալություն հայտնել հիշյալ պոռոտախոսին` Ղարաբաղյան կարգավորման հարցում իր տգիտությունն ու ոտաբոբիկությունը վառ կերպով ի ցույց դնելու համար: