03.07.2020 16:03

Դիմել բոլորին, բայց ոչ` քաղաքացիներին

Դիմել բոլորին, բայց ոչ` քաղաքացիներին

Եթե ուշադիր դիտարկեք 2018-ից հետո «ընդդիմություն» դարձած նախորդ իշխանությունների եւ նրանց արբանյակների վարքը, ապա ակնհայտ երեւում է մի բան` նրանք երկու տարի զբաղված են բացառապես Հայաստանի վրա դրսից «տղա բերելու» փորձերով:

Բոլոր կազմակերպությունների, երկրների հետ փորձում են պայմանավորվել, ներքաշել, աջակցություն ստանալ։ Բոլորի, բայց որ ամենատարօրինակն է` ոչ սեփական երկրի քաղաքացիների:

Երկու տարի շարունակ այդ մարդիկ գեթ մեկ իրական փորձ չեն արել երկխոսելու քաղաքացիների հետ, ներկայացնելու իրենց սխալները, դարձի գալու փորձեր անելու, հավաստիացնելու, որ վերափոխվել են կամ կվերափոխվեն:

Ոչ մի փորձ չեն արել։ Ու չեն անելու, որովհետեւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՀՀ քաղաքացին իրենց համար գոյություն չունի, իրենց ո՛չ քաղաքացու կարծիքն է հետաքրքրում, ո՛չ էլ ձայնն է պետք:

Իրենք չեն ցանկանում, որ քաղաքացին որոշող լինի: Դրա համար էլ որոշում կայացրած քաղաքացու դեմ անասելի չարացած են, անվանում են «զոմբի ու պողոսններ», իբր` «ախ դուք մեզ չե՞ք սիրում, չե՞ք ցանկանում, որ մենք վերադառնանք իշխանության, ուրեմն, մենք էլ դա կփորձենք անել առանց ձեզ, որովհետեւ դուք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոչինչ չեք հասկանում»:

Սա է:

Ու պատահական չէ, որ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրավական ու քաղաքական իրադարձության հետեւում են «գործ տվողի» տրամաբանությամբ, հենց մեկը մի բան է ասում կամ անում, խմբերով վայնասուն են բարձրացնում` դիմելով այս կամ այն գերտերության կենտրոններին, թե տեսեք, էստեղ ձեր դեմ ինչպիսի տրամադրություններ են սերմանվում:

Այսինքն՝ զրո հարգանք եւ ակնածանք սեփական պետականության հանդեպ:

Ու հիմա էլ իրենք իրենց հռչակել են Ռուսաստանի մեծ բարեկամներ, եւ հենց մեկի թաթը տրորում են, գոռում են, թե հակառուսական իշխանություն է Հայաստանում, որ փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները:

Ու հայտարարելն էլ դեռ մի կողմ, փորձում են ռուսաստանյան եթերներով գեթ մի փոքրիկ պատուհան գտնել, որ իրենց «բողոքն» այնտեղ հաղորդեն, հակահայաստանյան տրամադրություններ սերմանեն այնտեղ` հույսով, որ քանի որ ՀՀ քաղաքացիների աջակցությունը չունեն, գոնե դրսի աջակցությունը այդպես կստանան եւ կվերադառնան իշխանության:

Բայց հարցը, բնական է, որ ոչ Ռուսաստանն է, ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրոպան, ոչ էլ անգամ Չինաստանը: Պարզ է, որ այդ երկրներից շատերը Հայաստանում տեղի ուեցող բազմաթիվ իրադարձությունների իսկի ուշադրություն չեն դարձնում: Բայց դա սրանց համար նշանակություն չունի, եւ հարցը սրանց վարքի խորքային էությունն է: Երբ  սեփական երկիրն ու պետականությունը դրել են սկուտեղի վրա եւ դուրս եկել միջազգային «տուռնեի»` թակում են բոլոր հնարավոր դռները՝ հույսով, որ մի լույս կբացվի, մի օգնության ձեռք կմեկնվի: Ու ոչինչ, որ այդ ընթացքում հենց իրենք պիտի փորձեն այս կամ այն երկրում հակահայաստանյան տրամադրություններ սերմանել:

Ոչինչ, որովհետեւ մարմինների ամեն մի բջիջով զգում են ՀՀ քաղաքացու ատելությունը իրենց հանդեպ, կատաղում են այդ ատելությունից, չեն հաշտվում, որ իրեց չեն ընդունում ու մերժել են, եւ վրեժ են լուծում` հայտարարելով, թե իրենց հանդեպ այդ բացասական վերաբերմունքը չհիմնավորված է եւ քարոզչական տեխնոլոգիաների արդյունք: Հույս են տալիս իրենց: Եւ այդ հույսով փորձում են հենց այդպիսի տեխնոլոգիաներ կիրառել այսօր իշխանությունների հանդեպ, ճիշտ նույն կերպ, ինչպես որ նախկին ընդդիմադիրների հանդեպ կիրառում էին այդ տեխնոլոգիաները, երբ իշխանության էին: 

Չարացած են, որովհետեւ էությամբ չար են, որովհետեւ ատում են իրականում սեփական պետությունը եւ ՀՀ քաղաքացուն, որ չի ներում նրանց այդ ատելության համար:

Արսեն Օհանյան