03.07.2020 21:37

Աշոտ Սարգսյան. Համավարակի հետ կապված՝ Հայաստանի խնդիրը միայն հումանիտար հարթության վրա չէ

Աշոտ Սարգսյան. Համավարակի հետ կապված՝ Հայաստանի խնդիրը միայն հումանիտար հարթության վրա չէ

Նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, եթե ինչ-որ տեղ կայունացել է, ապա Հայաստանի համար՝ շատ բարձր թվերի վրա։ Եւ եթե այն այսպես «կայունացած» մնա առաջիկա մեկ տարում, ապա, պարզ հաշվարկներով, մարդկային կորուստները կարող են շատ մեծ լինել՝ լայնածավալ մի պատերազմի (ասենք՝ Ղարաբաղյան պատերազմի) կորուստների թվի հետ համեմատելի։

Մինչդեռ դա հնարավոր է կանխել։ Համենայնդեպս, դա է ցույց տալիս մի քանի երկրների հաջողված փորձը։ Հնարավոր է կանխել՝ Ղարաբաղյանի նման մի պատերազմի համար անհրաժեշտ ծախսերի ու ջանքերի, երեւի, 10-15%-ի գործադրմամբ։

Տեւական մի շրջան շատ ավելի ծանր վիճակում էին հայտնվել, օրինակ, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, եւ թվում էր, թե անհնար է այլեւս աղետալի այդ ընթացքի առաջն առնել։ Չինաստանի մասին դեռ չխոսենք։ Հիմա այս երկրներում օրական արձանագրված վարակակիրների թիվը իջել է 25-30 անգամ, օրական մահերի թիվը՝ 30-300 անգամ։ Այնպես չէ, որ բոլորը վարակվեցին, «կոլեկտիվ իմունիտետ» ձեռք բերվեց, ու ամեն ինչ ավարտվեց։ Այդ ընթացքը հնարավոր եղավ կանգնեցնել ոչ բարդ, բայց վճռական միջոցառումներով ու մեթոդներով։ Նկատի չունենք միայն 1-2 ամսվա «կարանտինը»։ Արդեն ահագին ժամանակ է՝ այդ «կարանտինը» չկա, համարյա ամեն ինչ բնականոն աշխատանքային ռեժիմում է, բայց վարակը մնում է առավելագույնս զսպված, մեծ հաշվով՝ անվտանգ վիճակում։

Հիմնական մեթոդները հանրահայտ են.

-          Հանրային վայրերում դիմակի պարտադիր կրում, դրա վրա ոստիկանության ուժեղացված հսկողություն, օրինախախտներին ֆինանսական եւ այլ կարգի պատժի ենթարկում։

-          Խանութներ, սպասարկման այլ կարգի վայրեր, տրանսպորտ մտնելիս մարդկանց ոչ թե հնարավորություն է տրվում, այլ պարտադրվում է ձեռքերն ախտահանել։

-          Ամենուր, նաեւ տրանսպորտում սոցիալական հեռավորության կանոնի պահպանման պարտադրում։

Այո, պարտադրանքի եւ ուժային լծակների հետ միասին նաեւ պետք է օգնություն, աջակցություն, օրինակ՝ կանգառներում հսկիչների կողմից դիմակների անվճար տրամադրում նրանց, ովքեր դա չունեն։ Սովորական պայմանների համար պարտադիր որոշ բաներ մեկ տարով կարելի է հետաձգել, օրինակ՝ թոշակառուների՝ բանկ ներկայանալու եւ ստորագրությամբ իրենց ներկայությունը հանրապետությունում հավաստելու ամենամյա պահանջը։ Դրանով ռիսկային խմբի 450.000 մարդու այց կկրճատվի ամենառիսկային հիմնարկներ՝ բանկեր։ Կամ՝ մեկ տարով կարելի է կասեցնել «սոցիալական փաթեթի» շահառուների՝ տարին մեկ անգամ պոլիկլինիկաներ ներկայանալու եւ ստուգումներ անցնելու պահանջը։ Դրա շնորհիվ, կարծեմ, նույնքան մարդու այց կկրճատվի դեպի վարակման առումով մի այլ ռիսկային հիմնարկ՝ պոլիկլինիկաներ։ Գուցե կարելի է քննարկել ինչ-որ ժամկետով, օրինակ, դատավարական որոշ պրոցեսներ հետաձգելու հարցը։ Այսօրինակ «ոչ սովորական» քայլերը ոչ միայն օբյեկտիվորեն կնվազեցնեն վարակի տարածումը, այլեւ, միջնորդավորված, մարդկանց աչքում լրացուցիչ կշիռ կհաղորդեն պետության ամենօրյա քարոզչությանը եւ ըմբռնում՝ այլ գործողությունների նկատմամբ։

Այո, դժվար է կյանքի որոշակի ռիթմի սովոր հասարակությանը կարճ ժամանակում տեղափոխել բոլորովին այլ, անսովոր ռիթմի։ Անգամ իրական պատերազմի պայմաններում է դա դժվար։ Դժվար է, բայց ոչ անհնար։ Դժվար է, բայց անհրաժեշտ է կենսականորեն։ Ուստիեւ՝ արդարացված են դրան հասնելու բոլոր միջոցները։

Ցանկացած հասարակության մի մասն է, որ պաշտոնական ու մասնագիտական առաջին բացատրություններն ու տեղեկատվությունը ստանալուց հետո սեփական գիտակցության թելադրանքով հետեւում է անհրաժեշտ կանոններին եւ կենցաղավարությանը։ Մի մասն էլ դրան գալիս է մի քիչ ուշ՝ «դառը փորձի» շնորհիվ։ Բայց ցանկացած հասարակություն բազմաշերտ է, եւ այդ շերտերից մեկն էլ, թեկուզ փոքրը, ոչ մի կերպ չի ուզում ինքնակամ իրեն սահմանափակումների, անհարմարությունների ու «դժվարությունների»  ենթարկել։ Եւ որպես ինքնարդարացման, իր կյանքը հեշտացնելու միջոց, հորինում կամ հաճույքով տրվում է «ամեն ինչ սուտ է» ու նման լուրերի։ Եւ վերջապես, ամեն մի հասարակության մեջ էլ գտնվում են դրա՝ գուցե 1, գուցե 0,1 տոկոսը կազմող մարդիկ, ովքեր չարամտորեն նման լուրեր են հորինում ու տարածում՝ կա՛մ որպես հոգեկան շեղման արդյունք, կամ, քաղաքականից սկսած, ինչ-ինչ այլ նպատակներ հետապնդելով։

Եթե անգամ կարգազանցների գործողությունները սպառնային միայն իրենց սեփական կյանքին ու առողջությանը, միեւնույն է՝ պետությունը պարտավոր էր դրա դեմ պայքարել ու թույլ չտալ։ Ճիշտ այնպես, ինչպես, ասենք, հիմա, կամուրջների վրա ոստիկանական հսկողություն է սահմանվել, որ ինքնասպանության որոշում կայացրած մարդիկ չկարողանան դա իրականացնել՝ իրենց ցած նետելով։

Այս դեպքում, սակայն, խոսքը վերաբերում է ոչ միայն օրինազանցի կյանքին ու առողջությանը, այլեւ  ուրիշների, որոնք կարող են մահացու վիրուսի ճարակ դառնալ նրա պատճառով։ Կարող է չափազանցություն թվալ, սակայն հանուն սեփական «ույուտի» կամ հաճույքի դիմակ չդնելը (կամ այն սխալ դնելը) նույնն է, ինչ մարդը սեփական հաճույքի համար փողոցում աջուձախ կրակի ատրճանակից։ Եթե ասվածը չափազանցություն է, ապա միայն այնքանով, որքանով որ անկանոն 10 կրակոցից մեկը կարող է դժբախտությամբ ավարտվել, իսկ դիմակ չդնելու 100 դեպքից մեկը կարող է պատճառ դառնալ վարակի փոխանցմանն այնպիսի ուղղությամբ, որը կհանգեցնի նույնպիսի դժբախտության։ Եւ դա ամենեւին փողոցում անկանոն կրակողի հանցանքի նկատմամբ 10 անգամ չի թեթեւացնում դիմակ չդնողի եւ դրանով վարակ տարածողի մեղքը։

Այո, պետությունը պարտավոր է բացատրել, քարոզել, համոզել, օգնել։ Բայց, ինչպես ասացինք, լավագույն հասարակության մեջ 100-ից 99-ը կարող է անսալ դրան եւ պահպանել անհրաժեշտ կանոնները, այն 1-ի նկատմամբ պետք է գործի հարկադրանքի, պատժի մեթոդը։ Դա պետության ոչ միայն իրավունքն է, այլեւ պարտականությունը։ Պետությունը, ի սկզբանե, մտահղացվել եւ ստեղծվել է ոչ թե որպես դայակ, այլ որպես բռնության գործիք՝ պաշտպանելու համար իր քաղաքացիներին դրսի եւ ներսի վտանգներից։

Միջազգայնորեն ճանաչված, հռչակագրերում ու սահմանադրություններում ամրագրված Մարդու իրավունքներից ու ազատություններից առաջնայինը նրա կյանքի իրավունքն է՝ շատ ավելի ծանրակշիռ, քան մնացած բոլորը միասին վերցրած։ Այդ իրավունքի պահպանման համար մնացածի առժամանակ սահմանափակումը ոչ միայն արդարացված է, այլեւ պարտադիր։

Եթե մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ վարակի «շղթաները» ջարդելու համար պետք է արգելել ամեն տեսակ հավաքները, ուրախության կամ տխրության միջոցառումները, դրանք պետք է խստորեն արգելվեն կամ կանոնակարգվեն այնպես, որ վիրուսի տարածման նվազագույն վտանգ անգամ չներկայացնեն։ Եթե պետք է ժամանակավորապես փակել բոլոր բակերի «բեսեդկանները», պետք է գտնել դրա իրականացման ձեւը։ Եթե չի բավարարում ոստիկանության անձնակազմը, կարելի է ներգրավել կամավոր «դրուժիննիկների»։ Այո, բոլոր բակերում հնարավոր չէ շուրջօրյա հերթապահություն սահմանել, սակայն մի քանի անգամ խիստ պատիժները կիրառելը ու դրանք հրապարակայնացնելը կարող են «դաս լինել» եւ օգնել մյուսներին։ Եթե բակերում երեխաների խմբային խաղերը վարակի տարածման վտանգ են պարունակում, պետք է դրանք արգելել։ Դժվար է, հասկանալի է, ամռան օրով աշխատանք չունեցող, չզբաղված մարդուն, թոշակառուին կտրել օրն անցկացնելու միակ տեղից՝ «բեսեդկայից», երեխային՝ խաղից։ Բայց եթե դրա գինը օրական 10-15 մահն է (չխոսենք ավելի մեծ վտանգներից ու վնասներից),  պետք է գնալ այդ պարտադրանքին։ Պետք է գնալ այդ պարտադրանքին՝ հանուն նույն այդ մարդկանց, հանուն նույն այդ երեխաների տատիկների ու պապիկների, որպեսզի նրանք վաղը չհայտնվեն «վերակենդանացման մահճակալին»։

Գուցե այս ամենի համար պետք է ժամանակավոր օրենքներ ընդունել, գուցե պետք է ինչ-որ օրենքներում ժամանակավոր փոփոխություններ անել եւ այլն։ Բայց կարգազանցների արարքները (սկսած դիմակի սխալ դնելուց մինչեւ վարակի «սուտ» լինելու մասին ուղղակի կամ ոչ ուղղակի քարոզչությունը) պետք է պետության կողմից արժանանա ամենախիստ հակազդեցության՝ ուժի գործադրումից մինչեւ արարքի օրենսդրորեն քրեականացում։ Սա, իրավունքի փիլիսոփայության հարթության վրա, կարծում եմ, լրիվ տեղավորվում է՝ որպես մարդկանց առողջության եւ կյանքի նկատմամբ այս պահին իրական վտանգ պարունակող արարքներ։

Որեւէ իշխանություն, եթե պատասխանատվության հետ կապված մտահոգություն կարող է ունենալ, ապա դա երբեւէ չի կարող լինել մահաբեր վարակի տարածման կանխարգելմանն ուղղված գործողությունների խստության հիմքով։ Ընդհակառակը՝ այդ մեղադրանքը կարող է լինել վարակի տարածումը լավագույն ձեւով սանձել չկարողանալու համար։

Այո, իրավիճակը պետք է ընդունել որպես պատերազմական։ Շատ դժվար է ասել, թե այն անհարմարությունները ու դժվարությունները, որ պետք է կրել առավելագույնը մեկ տարի, համեմատելի են այն անհարմարություններին ու դժվարություններին, որ համբերատարությամբ ու արժանապատվությամբ կրեց Հայաստանի ողջ ժողովուրդը Ղարաբաղյան պատերազմում ամբողջ երեք-չորս  տարի։ Նույն կերպ՝ այդ պատերազմի հետ անհամեմատելի են անհրաժեշտ այն ջանքերն ու ծախսերը, որ պահանջվում են վիճակից պատվով դուրս գալու համար։ Ավելին՝ վարակակիրների թվի շեշտակի կրճատման հետեւանքով նաեւ նրանց բուժման վրա այսօր ծախսվող հսկայական միջոցները կուղղվեն վարակի հետագա կանխարգելման միջոցառումներին։ Այլ խոսքով՝ այս պատերազմից հաղթանակով դուրս գալը լուծելի խնդիր է։ Հասարակությանը կարելի է անվտանգ հասցնելու այն օրվան, երբ արդեն մատչելի կլինեն համապատասխան պատվաստանյութերը, որ մեկ տարվա կտրվածքով խոստանում են այդ գործով զբաղված մի քանի տասնյակ կազմակերպություններ։

 

Հ. Գ. 1. Այս ամենը, կարելի է ասել, միայն հումանիտար հարթության վրա էր՝ վիրուսային այս պատերազմից դուրս գալ նվազագույն մարդկային կորուստներով։ Այսպիսի խնդիր ունեն բոլորը։ Ի տարբերություն այլոց, Հայաստանը «խաղաքարտին» եռակի, քառակի, տասնապատիկ մեծ բան ունի դրված. չավարտված պատերազմական վիճակի հայտնի պատճառով այն ազգային անվտանգության առաջնային հարց է։ Ուստիեւ՝ մենք կարող ենք ու պարտավոր ենք գնալ շատ ավելի կտրուկ ու կոշտ քայլերի, քան ուրիշները։ Դա, հաստատ, վերջին հաշվով, շնորհակալությամբ կընդունի մեր հասարակությունը, եւ ըմբռնումով՝ միջազգային հանրությունը։

Հ.Գ. 2. Մտավախությունները, թե այս առիթից օգտվելով՝ գործող իշխանությունը կարող է օրենքների խստացմամբ բռնապետություն հաստատել երկրում, ցածրորակ մտավարժանք է։ Բռնապետության հաստատման հակված իշխանությունը միշտ էլ կարող է գտնել դրա ձեւը եւ մեխանիզմները (տեսել ենք)։ Եւ ցանկացած բռնապետություն փոփոխելի է (դա էլ ենք տեսել), մինչդեռ նման պատուհասների վնասներն անդառնալի ու անվերականգնելի կարող են լինել։