06.07.2020 21:15

Քամի ցանող աղմկարարները

Քամի ցանող աղմկարարները

Երբ ուղղակի մարդկանց հետ շփվելով հետեւում ես Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ապա տեսնում ես մի իրականություն:

Երբ հանկարծ միացնում ես նախկին իշխանություններին սպասարկող հեռուստաալիքները, կարդում ես նրանց մամուլը, կայքերը, լսում ես նրանց հարցազրույցները, նայում ես սոցիալական ցանցերում այդ շրջանակների գրառումները, ուզում ես հնարավորինս արագ (ցանկալի է` էդպես մի 5 րոպեում) հավաքել ճամպրուկդ ու անգամ կորոնավիրուսի համավարակի եւ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ոտքով փախչել, եւ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` «հասնել գոնե մինչեւ Կանադայի սահմանը»:

Որովհետեւ բոլոր այդ հարթակներում, նույն շրջաննակներից, նույն մարդիկ` երբեմն՝ նույն շորերով (որովհետեւ մի կայքից այլ կայք են ցատկել, կամ` մի ալիքից արագացված կարգով տեղափոխվել են այլ ալիք) մանտրայի պես առավոտից երեկո նույնաբովանդակ տեքստն են կրկնում: Մոտավորապես էսպիսի բովանդակությամբ` «Մեր կողմից հեղաշրջմամբ «ժառանգություն ստացած» գյոզալ, ժողովրդավարական, զարգացած, հարուստ, ուժեղ, ինքնիշխան, աշխարհի նախանձի առարկա երկիրը երկու տարում կործանել եք, ավերել եք, մեր նման կիրթ, գրագետ, պրոֆեսիոնալ, փորձառու, հանրահռչակ, համբավավոր, դրսում հարգանք վայելող, ազնիվ եւ անկաշառ, միայն երկրի դարդերի մասին մտածող (թեեւ մեր օրոք երկիրը դարդ չուներ), ազգասեր գործիչների փոխարեն երկիրը այսօր կառավարում են անփորձ, ոչնչից չհասկացող, կոռումպացված, հանցագործ իշխանությունները: Եւ ուրեմն երկիրը պետք է շտապ, շատ շտապ փրկել, պահանջում ենք՝ հեռացեք, արտահերթ ընտրություններ անցկացրեք, անցումային կառավարություն է պետք, անդունդի եզրին ենք, կործանվել ենք»:

Ահա սա է երկու տարի նախկինների կողմից հնչեցվող տեքստերի համառոտագիրը:

Ճիշտ է, սկզբում շատերը մտածում էին` մերժվածներ են, էլի, պիտի մի բան խոսեն, հետո թե` գժվե՞լ են, ինչ է: Իսկ հիմա, երբ ակնհայտ է, որ այդ մարդիկ այդ ամենն ասում են դեմքի ամենայն լրջությամբ, խոսքից ամեն պահի գործի անցնելու ակնհայտ մտադրությամբ, ցինիզմի եւ երեսպաշտության գերդոզավորմամբ, հասկանում ես, որ չէ, այդ մարդիկ մեզ են գժի տեղ դրել:

Այն աստիճան երեսպաշտությամբ ու փարիսեցիությամբ, որ ակնայտ է դառնում՝ նրանք ոչ էլ հակադարձման են սպասում, իմաստ էլ չունի խոսքերով հակադարձել: Որովհետեւ երեսպաշտության կարմիր գիծն այնքան են հատել, որ իրենց արած ցանկացած բան փաստերով թափահարես աչքերի առաջ, գոռալու են` սուտ է:

Որովհետեւ այդ մարդիկ հիմա մեր` ժողովրդի անունից խոսելով, պահանջներ ու վերջնագրեր ներկայացնելով, իբր թե մեր խնդիրների համար են մտահոգ, իրականում ո՛չ մեր, ո՛չ էլ մեր կարծիքի կարիքն ունեն: Որովհետեւ հեղափոխությունից որոշ ժամանակ անց շունչ առնելուց հետո, երբ տեսան, որ խմբերով բանտերում մուգ թեյի հույսին չեն մնացել, անկյուն քշված գազանի պես դուրս են եկել ամեն մեկն իր անկյունից եւ ոհմակով հարձակվել են թե՛ մեր` քաղաքացիներիս վրա (գոռալով` «այ ստրուկներ, դուք զոմբի եք, եթե համաձայն չեք մեզ հետ, որ կարծանվում եք»), թե՛ իշխանության եւ թե՛, որ ամենասարափելին է` պետության վրա:

Լա՞վ ենք ապրում մենք հիմա, թե ոչ, փոխվե՞լ է արդյոք մեր կյանքը, թե ոչ, գո՞հ ենք, թե գոհ չենք՝ դա ձեր գործը չէ, «հարգելի» նախկիններ:

Այո, իշխանությունները շատ սխալներ են արել, անում  են եւ անելու են: Այո, կարող է եւ այնպիսի պահ լինի, որ քաղաքացիների մեծամասնությունը որոշի, որ այս իշխանություններից էլ գոհ չէ, եւ ուրիշներին տա իր քվեն:

Բայց այս ամբողջ պատմության հետ դուք կապ չունեք: Ավելին, քանի դուք կաք ու խոսում եք, քանի հոխորտում եք` երբեմն-երբեմն ստիպելով իշխանություններին կոշտացնել իրենց քայլերը, այ հենց էդ պահերին քաղաքացիների աջակցությունն ավելի է մեծանում; Քաղաքացիների աջակցությունը թուլանում կամ նվազում է այն պահերին, երբ ձեր նկատմամբ իշխանության կողմից կոշտ քայլեր չեն տեսնում, երբ դատարաններից ձեր «ընկերներին» ազատ են արձակում:

Եւ ուրեմն, մի լայֆ-հաք. եթե իսկապես այդքան շատ եք ուզում, որ այս իշխանությունների վարկանիշը նվազի, լռեք, կամ ավելի լավ է` գովեք նրանց, շատ գովեք: Ճիշտ է, դա էլ չի նշանակում, որ այդ պարագայում քաղաքացիները ձեզ քվե կտան, բայց դա արդեն այլ պատմություն է:

Արսեն Օհանյան