07.07.2020 23:58

Ռ. Թեյմուրազյան. Դատավոր Դանիբեկյանն, ըստ էության, հրաժարվեց գործի քննությունից

Ռ. Թեյմուրազյան. Դատավոր Դանիբեկյանն, ըստ էության, հրաժարվեց գործի քննությունից

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է.

Մարտի 1-ի գործով դատական նիստում այսօր դատավոր Ա.Դանիբեկյանն ըստ էության հրաժարվեց գործի քննությունից՝ թույլատրելով Ռ.Քոչարյանին, որ դատական գործընթացն ընթանա այնպես, ինչպես վերջինս ուզի. Քոչարյանը խուսափում է դատաքննությունից, ուրեմն՝ չի լինի դատաքննություն. կարող է ևս 1-2-100 տարի անընդհատ նույն միջնորդությունները ներկայացնել, որոնք կբավարարվեն կամ կմերժվեն, կարևոր չէ. կարևորն այն է, որ գործը բուն դատաքննության փուլ չմտնի։ Դատավորն էլ իր հերթին նիստերը նշանակում է միայն երեքշաբթի օրերին՝ օրվա երկրորդ կեսին։

Տպավորություն է, թե Հայաստանի դատարանի դատավորը վախենում է իր վարույթում գտնվող գործով ամբաստանյալից։ Եվ, անկեղծ ասած, վախենալու հիմքեր ունի. Ռ.Քոչարյանի՝ վկաներին ցուցմունքները փոխելու համար գործարք առաջարկած «աջակիցները» չեն պատժվում, ազատ արձակվեցին նաև իրեն՝ դատավորին միայնակ «բռնեցրած», ուղիղ եթերում ահաբեկողները, իսկ հիմա ազատության մեջ է նաև հենց Ռ.Քոչարյանը։

Այս ընթացքի տրամաբանական շարունակությունն այն է, որ շուտով առանցքային վկաները մեկը մյուսի հետևից կա՛մ կփոխեն իրենց ցուցմունքները, կա՛մ կհայտնվեն օվկիանոսներից այն կողմ, կա՛մ գուցե նաև հրաժեշտ տան կյանքին։

Մարտի 1-ի գործը ցույց է տալիս, որ որքան էլ ուժեղ լինի կոնկրետ գործի փաստական կողմը, որքան էլ զարհուրելի լինի հանցանքը, եթե դատական համակարգում կենսական, կտրուկ փոփոխություններ չլինեն, պետությունն ինքն ակամա կդառնա դրա պարտակման մասնակից։ Մարտի 1-ի գործի բացահայտումը Ռ.Քոչարյանի կամ որևէ այլ մեղադրյալի անձնական ճակատագրի հարցը չէ։ Սա ազգային անվտանգության հարց է. մեր պետությունը պե՛տք է կարողանա պաշտպանել ինքն իրեն՝ իր դեմ կատարվող ոտնձգություններից։