09.07.2020 15:34

Ի՞նչ կա այդ «անտեսանելի» ձեռքում

Ի՞նչ կա այդ «անտեսանելի» ձեռքում

Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամների եւ նախագահի գործողությունները զավեշտալի կլինեին, եթե այդքան տխուր չլինեին:

Այո, թող զարմանալի չթվա, բայց դրանք իրականում արդեն վաղուց տխրություն են առաջացնում: Ոչ այնքան՝ զայրույթ, ոչ այնքան՝ զարմանք, ոչ այնքան` տարակուսանք են առաջացնում, որքան հենց տխրություն, պարզ մարդկային տխրություն առ այն, թե որքան կարող է մարդը ոտնատակ տալ սեփական վարկը:

Թե ինչպես անկախ դատարանի, անկախ ու անկողմնակալ արբիտրի առաքելությունն ստանձնած մարդիկ կատաղի երեսպաշտությամբ դառնում են ներքաղաքական հարցերում ոչ միայն կողմնակալ գործոններ, այլեւ` ներքաղաքական պայքարի բացահայտ կողմ:

Եւ դա անում են այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե իրենց կամքից անկախ են անում, իրենց «գերի են վերցրել» եւ ստիպում են գործել այլոց կամոք եւ ցանկություններով, քաղաքական շահերով եւ ինչ-ինչ հանգամանքների դրդմամբ:

ԱԺ-ն, ինչպես գիտենք, սահմանադրական փոփոխություններ էր կատարել, որով ՍԴ երեք անդամ այլեւս պաշտոնանկ էին արվել, իսկ Հրայր Թովմասյանն էլ զրկվել էր նախագահի պաշտոնից` մնալով դատավոր:

Բայց քանի որ այդ մարդիկ վաղուց հատել էին բոլոր կարմիր գծերը, քանի որ քաղաքական պայքարի կողմ էին հռչակել իրենց, քանի որ դիրքավորվել էին այնպես, որ հետդարձի ճանապարհ այլևս չունեին (թվում էր` հետեւում մարդիկ ունեին, որոնք «խրամատից» հետքայլ անողներին թիկունքից պիտի «կրակեին»), սոսկալի տխուր անձնազոհություն էին ցուցաբերում, որովհետեւ «առաջը՝ ջուր, հետեւը` սուր....»:

Ինչ-որ անձինք այդ մարդկանց բերել էին առաջին գիծ ու հրում էին առաջ՝ գնացեք, կռիվ տվեք....

Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն, որ իրավունքի, Սահմանադրության հետ, ՄԻԵԴ-ում աշխատելու տարիների փորձ ունեցող մարդիկ սահմանադրական փոփոխություններից հետո արագ դիմում են ՄԻԵԴ` խնդրելով միջանկյալ միջոց ձեռնարկել` մինչեւ իրենց հարցի քննարկումը: Այսինքն, մինչեւ իրենց հարցը քննվի, ստիպել սառեցնել սահմանադրական փոփոխությունները, այսինքն` սառեցնել Սահմանադրության գործունեությունը:

Ու հարցն այն չ, թե արդյո՞ք դա բարոյական է, թե՝ ոչ: Հարցն այն է, որ բոլոր- բոլորը, իրավաբանները հայտարարում էին, որ այդ միջոցը չեն կարող ձեռնարկել, որովհետեւ իրենց պահանջը Դատարանի կանոնակարգի 39-րդ դրույթի կիրառման դաշտում չէ, որովհետեւ այն չի ենթադրում լուրջ և անուղղելի վնասների ռիսկ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:

Այսինքն, բոլորը հասկանում էին, որ պիտի մերժվի, քանի որ ընդունելու ոչ մի իրավական հիմք չկա, բայց՝ ոչ իրենք: Եւ հատկապես իրենցից մեկը, որ տարիներ շարունակ ՄԻԵԴ դատավոր է եղել: Չէի՞ն հասկանում: Հազիվ թե: Բայց հետդարձի ճաապարհ չունեն:

Պիտի ամեն ինչ փորձեն, պիտի չընկրկեն, կռիվ տան, որովհետեւ ինչ-որ մի անտեսանելի ձեռք անընդհատ թույլ չի տալիս նրանց կանգ առնել, ինչ-որ անտեսանելի ձեռք անընդհատ առաջ է մղում նրանց` փաստացի «թքած ունենալով» այդ մարդկանց վաստակի վրա էլ, համբավի վրա էլ, անվան ու վարկի վրա էլ, անցյալի ու ապագայի վրա էլ: Այդ ինչ-որ մեկին այս մարդիկ հետաքրքիր չեն:

Հարցն այլ է` իսկ ինչո՞ւ են այս մարդիկ լուռ ենթարկվում, ի՞նչ կա այդ անտեսանելի ձեռքի մեջ, որն ավելի զորեղ է, քան սեփական անունն ու վարկը:

Տխուր է տեսնել, թե ինչպես են մարդիկ գիտակցաբար գնում ինքնակործանման:

Տխուր է:

Արսեն Օհանյան