11.07.2020 12:59

Երբ ստում են. Վահրամ Աթանեսյան

Երբ ստում են. Վահրամ Աթանեսյան

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հեղինակել է «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարը» վերտառությամբ ուսումնասիրություն, որի հիմնական թեզերին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով : Որքան հասկացվում է՝ Տիգրան Թորոսյանը կրկնում է կարծրատիպային գնահատականը, որ 1997թ. «փուլային տարբերակով Լեռնային Ղարաբաղը ԼՂԻՄ սահմաններով մնում էր Ադրբեջանի կազմում»: 1997 թ. դեկտեմբերի 2-ին միջնորդների կողմից հակամարտության երեք կողմերին՝ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին, ներկայացված առաջարկությունը ենթադրում էր եռակողմ համաձայնագրի ստորագրում հակամարտության զինված փուլի ավարտի մասին:

Փաստաթղթում խոսք, նույնիսկ ակնարկ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, այդ հարցը թողնվում էր ապագա, բայց դարձյալ՝ եռակողմ, բանակցությունների առարկա: Քաղաքագիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող մարդու համար պետք է պարզ լինի, որ հակամարտության զինված փուլի ավարտի մասին համաձայնագրի լիիրավ կողմ Լեռնային Ղարաբաղը վերջնարդյունքում չէր կարող ստանալ ավելի ցածր կարգավիճակ, քան ուներ որպես պայմանագիր ստորագրող կողմ: Ավելի քան երկու տասնամյակ շրջանառելով  կեղծ թեզը, որ «փուլային տարբերակով Լեռնային Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում»՝ քաղաքական հայտնի շրջանակները միայն մի բան են ուզում արդարացնել՝ 1998թ. իշխանափոխությունը, որ տեղի ունեցավ ժողովրդի թիկունքում՝ օրինական նախագահին հրաժարականի պարտադրմամբ: Տիգրան Թորոսյանը ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկն է եւ նրա վերլուծությունը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նախագահ «ընտրվելու» հակասահմանադրական գործընթացը «վասն հայրենյաց» ոճով արդարացնելու նպատակ է հետապնդում եւ ոչ մի աղերս չունի քաղաքագիտական անաչառության հետ: Թեկուզ այն պատճառով, որ նա ստում է՝ ասելով, թե 1997թ. ,,փուլային տարբերակով,, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենար նախկին ԼՂԻՄ սահմանները, մինչդեռ առաջարկվող տարբերակում սեւով սպիտակին գրված է, որ նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքն է դիտվում ապագա կարգավիճակային տարածք: Այդ հետո՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի «միացման» տարբերակում է Լաչինի ողջ շրջանը փոխակերպվել Հայաստան-Լեռնային Ղարաբաղ «ցամաքային միջանցքի»: Այդ Ռոբերտ Քոչարյանի օրոք է դրան համարժեք Նախիջեւան- Ադրբեջան միջանցքի գաղափար ծնվել: Տիգրան Թորոսյանը նաեւ ստում է, երբ ասում է, որ «մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք ընդունել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: «Մադրիդյան սկզբունքները» պաշտոնապես ընդունել է միայն Հայաստանը:

Ադրբեջանն այն մերժել եւ մերժում է, իսկ Լեռնային Ղարաբաղը միջնորդներից նման ուղղակի առաջարկություն թեեւ չի ստացել, բայց բազմիցս հայտարարել է, որ կարգավորումը չի կարող ենթադրել վերադարձ անցյալին ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով: Իսկ արդեն այսօր Լեռնային Ղարաբաղը շատ հստակ ձեւակերպում է  ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վերադարձի խնդիրը: Բանակցային դիրքորոշում, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քսանամյա իշխանության շրջանում երբեք չի բարձրաձայնվել եւ առաջին անգամ հնչեցվել է Հայաստանի ԱԳՆ՝ սույն թվականի հունիսի 13-ին Շահումյանի շրջանի օկուպացման 28-րդ տարելիցի առթիվ տարածած հայտարարությամբ: Քաղաքական գործիչ Տիգրան Թորոսյանն ազատ է ենթարկելու իրավունքը:համակրությունների հարցում եւ կարող է խնկարկել  Ռոբերտ Քոչարյանին: Քաղաքագետ Տիգրան Թորոսյանին տրված չէ իրողությունները նենգափոխելու եւ հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու իրավունքը:

«Հրապարակ» օրաթերթ