13.07.2020 13:05

Ադրբեջանական սադրիչ գործողությունները Տավուշի ուղղությամբ. Ամփոփ

Ադրբեջանական սադրիչ գործողությունները Տավուշի ուղղությամբ. Ամփոփ

Երեկ՝ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը: 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: 

«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: հայկական կողմից կորուստներ չկան»,- գրել էր Ստեփանյանը: 

Ժամեր անց Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: 

«Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Իրավիճակի լարման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել էր Ստեփանյանը: 

Այսօր առավոտյան ՊՆ խոսնակը հայտնել է, որ «երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ 

«ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել։ 

Իսկ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը երեկ ադրբեջանական կողմից 3 զոհի մասին էր հայտնել, այսօր խոստովանեց, որ եւս մեկ զոհ ունեն: Այսպիսով, ադրբեջանական կողմը, պաշտոնապես 4 զոհ է հաստատել:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են»:

«Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ խիստ մտահոգիչ է նաւե տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրիայի գործելակերպը, որը «լավագույնս արտացոլված է այդ երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցութուն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ եւ արդեն ավանդական դարձած հակահայ տրամաբանությամբ»:

«ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, եւ որեւէ կասկած չկա, որ մենք, մեր Զինված ուժերը ի վիճակի են եւ կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,- նշել է Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույն նիստում նշել է, որ «բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ»։ «Մեր զինված ուժերը եւ համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պահպանությունը։ Օպերատիվ վիճակը ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է»,- ասել է Տոնոյանը։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացակայանն էլ ասել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն  Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված գործողություններից հետո մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ:

Մնացականյանը նշել է, որ ԱԳՆ-ն թափանցիկորեն տեղեկացնում է ընթացքի, բոլոր այն զարգացումների մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ:

Մինչ այդ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ՀՀ ԱԳՆ խոսնակը, որը ի մասնավորի նշել էր նաեւ. «Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու եւ հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման եւ ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:

Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Նշենք, որ այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը: 

Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտարարել է, որ «միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին եւ 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով»: «Այն կազմվել է գիշերվա ընթացքում։ Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Միջանկյալ զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների եւ փաստերի հավաքագրման մեր ինքնուրույն աղբյուրները:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես եւ մի շարք այլ գյուղերի բնակիչների, քաղաքացիական համայնքների վարչական մարմինների, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:

Այսօր առավոտյան եւս արձանագրվել են տեղեկություններ Մովսես եւ մի շարք այլ խաղաղ բնակավայրերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական կողմի գնդակոծության, Հայաստանի այդ քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության համար իրական վտանգի մասին»,- նշել է Թաթոյանը: