14.07.2020 12:54

Իրավիճակը Տավուշում. Ամփոփ

Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարությունը, հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը դիրքապահների վարած կրակով կասեցվել է։ ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։  

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է. «Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»:

ՊՆ նախկին խոսնակ, ՊՆ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ.Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է, որ ադրբեջանական կողմից հաստատապես էլի զոհեր կան:

«Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է. սպանվել են մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն»։

Ադրբեջանը հաստատել է նաեւ, որ սպանված են գեներալ-մայոր Փոլադ Հեշիմովը եւ գնդապետ Իլգար Միրզոեւը: 

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է բռնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին:

«Հորդորում ենք կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել իրենց միջեւ գոյություն ունեցող հաղորդակցության ուղղակի միջոցները՝ խուսափելու համար հետագա էսկալացիայից, եւ խստորեն պահպանել հրադադարը», - ասված է Օրթագուսի հայտարարությունում, որը հրապարակված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում:

ԱՄՆ-ն կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները` ընդգծելով տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդների վերադառնալու կարեւորությունը, որքան արագ հանգամանքները դա թույլ կտան:

Երեկ հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խումբը` ցավով  արձանագրելով, որ «կորուստներ կան, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա լարվածությունը կանխելու համար»։

Նրանք նշել էին, որ համանախագահները կապի մեջ են կողմերի հետ, նաեւ կողմերին հորդորում են կիրառել հաղորդակցության ուղիղ միջոցները։ Համանախագահները նաեւ որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցությունների վերսկսման կոչ են արել եւ կարեւորել ԵԱՀԿ դիտորդների վերադարձ տարածաշրջան, հենց իրավիճակը թույլատրի անել դա։

Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը լուսանկարներ է հրապարակել սահմանի ադրբեջանական հատվածից` հետեւյալ գրությամբ.

«Դուք պնդում եք, թե այս կյանքում ամեն ինչ տեսե՞լ եք: Չէ, չեք տեսել։ Չէինք տեսել ուազիկով դիվերսիա ու հարձակում, չեք տեսել նաեւ սա։ Օխու.ազ կայքը պնդում է, թե մեր հրաշք նոր դիրքի տակի Աղդամ գյուղի բնակիչները հավաքվել են փողոցում ու իրենց ուզում են նետել առաջնագիծ` կռվելու... այո, սովետական ժիգուլիներով, վիլիսներով, անգամ դամաշնիկներով, սպարտիվկաներով ու խալաթներով... Իսկ մութ ուժերն ասում են, որ վախեցած ժողովուրդն ուզում է լքել գյուղը, իսկ իշխանությունները դեմները փակել են....

Նույն կայքը մոռացել է, որ րոպեներ առաջ լուր էր դրել, որ իբր հայերը վաղ առավոտից կրակել են այս գյուղի վրա.... թե բա` կռիվ են գնում ...»:

 

 

 

***

Հայաստանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը: