15.07.2020 19:01

Պետություն գաղափարը չմարսողները էլի ակտիվացել են

Պետություն գաղափարը չմարսողները էլի ակտիվացել են

Սահմանին, մեղմ ասած, խիստ լարված է, ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների է դիմել, իսկ հայաստանյան քաղաքական դաշտի  որոշ մասի համար կարծես բան տեղի չի ունեցել:

Չէ, տեղի է ունեցել, բայց դատելով նրանց վարքից՝ տպավորություն է, թե նրանց համար լավ բան է տեղի ունեցել: Պատեհ բան: Ճիշտ այնպես, ինչպես կորոնավիրուսի համավարակը: Երբ առժամանակ լռելու եւ գոնե չխանգարելու փոխարեն՝ կարելի է օգտվել առիթից եւ թիկունքից հարվածել: Ահա նույն կերպ էլ նախորդ իշխանությունները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք լծվել են շահարկելու եւ իրենց համար շահավետ դիտակետից ներկայացնելու եւ մեկնաբանելու զարգացումները: Ընդ որում, ինչպես կորոնավիրուսի պարագայում, այս դեպքում էլ ոչ մի խտրություն չեն դնում միջոցների մեջ՝ անընդհատ «ծակելով» բարոյականության հատակը, երբ թվում է, թե էլ իջնելու տեղ պիտի որ չլիներ:

Ճիշտ է, պարզ բարոյականությունը եւ, ինչու ոչ` թեկուզ սեփական քաղաքական ճակատագրի համար մտահոգությունը (քաղաքական ինքնապահպանության բնազդը) հուշում են, որ նման իրավիճակներում քաղաքական գործիչները կամ գոնե նրանք, ովքեր իրենց այդպես են ներկայացնում, պետք է առժամանակ դադարեցնեն քաղաքական պայքարը (իրենց դեպքում՝ «բզբզոցները») եւ կա՛մ օգնեն դիմակայելու երկրի առաջ ծառացած այս կամ այն արհավիրքին, կա՛մ, եթե նման ցանկություն չունեն` մտահոգվելով, որ դրա դրական պտուղները պիտի օրվա իշխանությունը քաղի, ապա գոնե չխանգարեն: Բայց չէ, այս անգամ էլ հանդես են գալիս իրենց ամբողջ նսեմ եւ ճղճիմ կերպարանքով:

Եւ ամենաուշագրավը, նորից սկսել են քաղաքական դաշտ նետել այն նույն քարոզչական մեսիջները, որոնք կիրառում էին 90-ականներին` Արցախյան պատերազմի վերաբերյալ:

Նորից նույն կերպ փորձում են սեպ խրել, առանձնացնել օրվա քաղաքական իշխանությանը եւ կռվողներին, բանակը:

Այսինքն՝ որ մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե բանակը գոյություն ունի ինքն իրեն, ինքն է կայացնում իր որոշումները, իսկ քաղաքական իշխանությունները կա՛մ այդ հարցում նրանց չեն օգնում, կա՛մ` ավելի հաճախ փորձում են խանգարել: Ու բանակը բոլոր հաջողությունները գրանցում է ի հեճուկս քաղաքական իշխանության ցանկության եւ գիտության:

Հիշում եք, չէ՞, տասնամյակներ շարունակ նույն ծեծված սկավառակն էին պտտում, իբր Շուշին գրավեցին բոլորը, ով ասես, եւ միայն նախագահ Տեր-Պետրոսյանն այդ ամենից տեղյակ չէր: Այսինքն, ի հեճուկս նրա գրավեցին: Դե բնական է, երբ մարդու բարոյականության դարպասները բացակայում են, քաղաքական նպատակները իրականացնելու համար ցանկացած կեղծիք կարող են տարածել, ո՞վ պիտի բարոյականության ոչ մի նշույլ չունեցող անձից պատասխան պահանջի: Կասեն` դե նորմալ է սրանց պարագայում, ավելին կասեն: Ու այդ նույն մարդիկ, հիշում եք, նաեւ հայտարարում էին, թե 94-ին մերոնք դեռ շատ տարածքներ էին ուզում և կարող էին ազատագրել; Բայց այս անգամ, ահա, նախագահ Տեր-Պետրոսյանը  կանխեց, չթողեց: Եւ իհարկե, ամոթից չեն կարմրի, երբ մեկը հարցնի՝ բա ոնց որ առանց իր գիտության Շուշին էիք ազատագրում, նույն կերպ էլ մյուս տարածքները ազատագրեիք: Չեն կարմրել ու չեն կարմրի, եւ այսօր էլ չեն կարմրում, ու նույն մարդիկ (իհարկե` նաև նրանց միացած մի խումբ երիտասարդ, բայց արդեն նրանցից ոչնչով ետ չմնացող անձինք) նույն երգն են երգում սահմանին այս օրերին տեղի ունեցողի վերաբերյալ:

Ու էլի պետությունը կապ չունի՝  ըստ նրանց, էլի հրամանատարներն են ինքնագլուխ գործում եւ հաջողությունների հասնում: Կասեք` ուղղակի  որոշակի անձի կամ օրվա իշխանությանը փնովելու առի՞թ են փնտրում: Ամենեւին: Սրանց խնդիրը իրականում իշխանությունը չէ, սրանց խնդիրը Հայաստանն է` որպես պետություն: Պետության գաղափարի եւ 90-ականներին պայքարի գնով ձեռք բերված անկախության նսեմացումը: Դրա համար էլ ամեն անկյունից դուրս է գալիս մի անհայտ ինքնահռչակ «քաղգործիչ/ք» եւ հայտարարում, թե դուք ինչի՞ց եք տեղյակ, մենք մեր անկախությունը չենք նվաճել, մեզ նվեր են տվել: Այսինքն, տողատակում ասել կուզեն` «մենք այդքան չկայինք եւ չկանք, որ անկախություն նվաճենք եւ ունենանք, մենք ո՞վ ենք, որ անկախ լինենք, ո՞վ ենք, որ պետություն ունենանք»: Ահա սա է սրանց տասնամյակներ տեւող եւ այսօր էլ չդադարող քարոզի իրական նպատակը, մեր դեմ չեն պայքարում, պետություն ունենալու գաղափարի դեմ են պայքարում: Որովհետեւ ցանկանում են, որ մենք էլ իրենց պես նսեմ լինենք ու չհավատանք, որ մենք 90-ականներին արել ենք այն, ինչ արել ենք: Որ մենք իմաստուն եւ ուժեղ էինք: Ու հպարտանանք դրանով եւ ոգեւորված ցանկանանք անել ավելին: Իրենք դա մեզ չեն ներում: Ուզում են, որ մենք լինենք ոչինչ: Իրենց պես: Որովհետեւ իրենք ոչինչ են:

 

Արսեն Օհանյան