15.07.2020 20:01

Ռոբերտ Արզումանյանը՝ գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

Ռոբերտ Արզումանյանը՝ գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի Ազգային հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը գլխավորել է «Ուրարտու-2»-ը: Նոր նշանակումից հետո մասնագետն առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

- Նշանակվել եք «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

- Շատ ուրախ եմ, «Ուրարտուն» ունի Հայաստանի լավագույն ակադեմիան է և իմ կարծիքով, այստեղից ավելի շատ ֆուտբոլիստներ պետք է առաջին թիմ տեղափոխվեն, քան նախկինում եղել է, քանի որ այս ակումբն ունի բոլոր հնարավորությունները։

- Փոխարինում եք Արամ Հակոբյանին, որն այս պաշտոնում բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

- Հետևել եմ թիմի ելույթներին, կարող եմ ասել, որ Արամ Հակոբյանն ու իր մարզչական շտաբը շատ լավ աշխատանք են կատարել։ Կփորձեմ ավելին ներդնել, որպեսզի թիմը մեկ քայլ առաջ կատարի։

- Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում։

- Մինչ մարզումները սկսելը, ծրագրերը կապված են ֆուտբոլիստներին ուսումնասիրելու, նրանց ավելի լավ ճանաչելու հետ։ Նպատակ ունենք երիտասարդացնել կազմը։ Մարզումները սկսելու ենք հուլիսի 16-ից ու փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի մրցունակ լինեն և կարողանան պայքարել ու իրենց տեղը գտնել ֆուտբոլում։

- Առաջին անգամ եք նշանակվում որպես գլխավոր մարզիչ, ի՞նչ կասեք այդ մասին։

- Սա իրոք նոր մարտահրավեր է ինձ համար, այլ բան է լինել մարզչի օգնական և այլ բան՝ գլխավոր մարզիչ, գործառույթները տարբեր են։ Կարծում եմ՝ պատրաստ եմ ու ճիշտ աշխատանքի դեպքում ինձ թվում է, որ  և՛ մեր մարզչական շտաբը, և՛ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կհասնենք մեր նպատակներին։