17.07.2020 12:23

Եթե արտակարգ իրավիճակներում ի հայտ են գալիս դասալիքներ, ապա պետք է ենթարկվեն խստագույն իրավական պատասխանատվության. Araratnews

Եթե արտակարգ իրավիճակներում ի հայտ են գալիս դասալիքներ, ապա պետք է ենթարկվեն խստագույն իրավական պատասխանատվության. Araratnews

Օրեր առաջ Կառավարությունը հաստատեց «Արտակարգ դրության մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը՝ դրանք ուղարկելով Ազգային ժողով։   Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը:

Այս կապակցությամբ «ԱրարատՆյուզ»-ը զրուցել է «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Գրիգորի Գրիգորյանի հետ։

-Պարոն Գրիգորյան, ինչպես եք գնահատում օրենսդրական այս նախագիծը։

-Ես տարբեր առիթներով նշել եմ, որ Հայաստանի բուժհաստատություններն, անկախ սեփականության ձևից, մեր պետության ռեսուրսներն են։ Մեր՝ պատերազմող երկիր լինելու պարագայում, հենց այս մոտեցումն է ճիշտ։ Սակայն, կարծում եմ, օրենսդրական այս փոփոխության հարցում Կառավարությունը մի փոքր ծայրահեղ մոտեցում է ընտրել։ Բացատրեմ, թե ինչու։ Ստանալով մասնավոր բուժհաստատություններում ժամանակավոր տնօրեններ նշանակելու իրավասություն, նախ հնարավորություն է տրվում իշխանությանը չարաշահել այդ իրավասությունը՝ անկախ իշխանության ով լինելուց։ Լինի այսօր, թե ապագայում, իշխանության որևէ ներկայացուցչի մտքով կարող է անցնել, որ արտակարգ դրության պարագայում կարելի է օգտվել առիթից և հաշիվ մաքրել մասնավոր բուժհաստատության սեփականատիրոջ հետ մասնավորապես և գնալ ինչ-որ վերաբաշխումների ողջ առողջապահական համակարգում ընդհանրապես։ Երկրորդ, նշանակելով հաստատությանն անծանոթ ժամանակավոր տնօրեն, Կառավարությունն, ուզի թե չուզի, խախտելու է տվյալ բուժհաստատությունում տարիներով մշակված աշխատանքային ռիթմը, վնասելով բուժօգնության տրամադրման գործընթացի կառավարման արդյունավետությանը։ Բուժօգնության ապահովումը բազմաշերտ և բարդ գործընթաց է, որը պահանջում է կուռ համախմբվածություն ու թիմային աշխատանք։ Նոր մարդու հայտնվելը այդ գործընթացի ապահովման գլխին վստահաբար վնասաբեր է լինելու։ Դրա հետևանքով, ի վերջո տուժելու է բուժօգնության որակը, ինչով որ շահագրգռված է Առողջապահության նախարարությունը:

 

-Որքանով հասկանալի է դառնում ՀՀ Կառավարության ներկայացուցիչների ասածներից, այս փոփոխության անհրաժեշտությունը ծնվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ առողջապահական համակարգի որոշ սուբյեկտներ իրենց հայեցողությամբ չեն ցանկացել ներգրավվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։    

-Եթե այդպես է, ապա կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ մեր իշխանությունները հրապարակեն այն սեփականատերերի, բժիշկների անունները, ովքեր, ըստ էության, խախտել են իրենց տված բժշկական երդումը, լքել են խրամատը պատերազմական այս իրավիճակում։ Որպեսզի հասարակությունն իմանա նրանց մասին, անի իր հետևություններն ու գամի նրանց անարգանքի սյունին։ Սա մեկ։ Երկրորդը, եթե նախագծի նպատակը նմանատիպ իրավիճակներն ապագայում բացառելն ու իրավական կարգավորում տալն է, ապա դա հնարավոր է անել նաև առանց բուժհաստատություններում, թեկուզև ժամանակավոր, տնօրեն նշանակելու միջոցով։ Նախ, կարելի է և կարծում եմ անհրաժեշտ է օրենքով սահմանել ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն, եթե որևէ բուժհաստատության ղեկավար կհրաժարվի արտակարգ իրավիճակում, առաջնորդվել ՀՀ Կառավարության, մասնավորապես Առողջապահության նախարարության ցուցումներով։ Լինի դա պատերազմ, բնական աղետ, թե համավարակ։ Ավելին, դնելով բոլոր բուժհաստատությունները Առողջապահության նախարարության ենթակայության տակ, հնարավոր է բուժհաստատություններում նշանակել ներկայացուցիչ, բայց ոչ տնօրեն, ով պատասխանատու կլինի տվյալ բուժհաստատության կողմից Առողջապահության նախարարի ցուցումների կաատարումն ամբողջական ծավալներով ապահովելու հարցում, իսկ բուժհաստատության սեփականատիրոջ կամ տնօրենի կողմից խոչընդոտներ հարուցելու դեպքում, ինչպես արդեն նշեցի, իրավական պատասխանատվության գործընթաց սկսել նրա նկատմամբ։

 

-Կառավարությունը նշում է, որ պատրաստ է փոխհատուցել նման անհարմարությունների պատճառով առաջացած վնասները։

-Ես տեղյակ եմ։ Այո, կա նման կարգավորում, բայց դա չէ խնդիրը։ Մենք այս երկրի ռեսուրսն ենք, որ պետք է օգտագործվի անհրաժեշտության պարագայում և փոխհատուցման հարցը նույնիսկ երկրորդական է։ Առավել կարևոր է բուժօգնության գործընթացի արդյունավետության խաթարման բացառումը, որը վստահ եմ տեղի է ունենալու, եթե նշածս խնդրահարույց կետը ստանա օրենքի ուժ։ Մասնավոր բուժհաստատության կառավարումը վերցնելը սխալ ու խնդրահարույց է նաև արժեքային իմաստով։ Դա ցույց է տալիս, որ մենք շարունակում ենք անվստահություն տածել մասնավոր սեփականատիրոջ, նրա պատասխանատու կեցվածքի նկատմամբ։ Եթե արտակարգ իրավիճակներում ի հայտ են գալիս դասալիքներ, ապա պետք է ենթարկվեն խստագույն իրավական պատասխանատվության, բայց մի քանիսի պատճառով  անվստահության հենքի վրա օրենսդրության ընդունումը համարում եմ սխալ։