17.07.2020 16:18

Ջրերը պարզվում են

Ջրերը պարզվում են

Երբ փորձառու քաղաքական գործիչները խոսում են այն մասին, որ ամբողջ երկրին սպառնացող ցանկացած վտանգի (ասենք` պատերազմի, կորոնավիրուսի համաճարակի եւ այլն) դեպքում ներսում ոչ միայն չպետք է նոր ճակատ բացել, այլեւ դադարեցնել ներքաղաքական պայքարը եւ համընդհանուր ուժերով դիմակայել մարտահրավերներին, ոմանք հայտարարում են, թե «է՛ մենք այդպես էլ անում ենք», ոմանք էլ փորձում են մարտահրավերները որպես հարմար առիթ օգտագործելով` ուժեղացնել ներսից դիմադրությունն ու նորանոր ճակաատներ բացել` պետության ուժերը ջլատելու եւ թուլացնելու համար:

Երկրորդ տիպի գործիչներին շատ ենք անդրադարձել, գիտենք` ովքեր են, ինչ եւ ինչպես են անում, սրանք անկախությունից ի վեր նույն գծի մեջ են՝ հակոտնյա պետականությանը եւ անկախության գաղափարին, եւ իշխանության դեմ լռում են միայն այն ժամանակ, երբ իշխանության ղեկին իրենց շեֆերն էին, փոխարենը շարունակում էին հակաքարոզչությունն այն ուժերի եւ անձանց դեմ, ովքեր իրենց մոտ ասոցացվում էին անկախականության, հայաստանակենտրոնության հետ:

Իսկ ի՞նչ են անում առաջին տիպի գործիչները, երբ հայտարարում են, թե լարված ժամանակ նոր ճակատ չեն բացում:

Այո, այդպիսի քաղաքական ուժեր էլ կան, որ «համ մեխին են խփում, համ` նալին»:

Ասենք` այս օրերին, երբ Տավուշի սահմանին լարված է, ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում, այս ուժերի ներկայացուցիչները հիմնականում զբաղված են սոցցանցերում ադրբեջանական կողմի մասին հումորային գրառումներ անելով եւ ընդհանրական ասած` «կեցցե մեր բանակը» գոռալով: Այսինքն` բանակի անունից մատ թափ տալով միայն: Մոռանալով, որ այդ նույն բանը կարող են եւ անում են սովորական քաղաքացիները։ Իսկ միջազգային կապեր ունեցող քաղաքական ուժերը եւ գործիչները գործ պիտի անեն, գործ: Ով որ կողմից կարող է՝ պիտի լծվեր արտաքին քարոզչությանը, ով ինչ միջազգային գործընկեր ունի, պիտի բոլորին «ոտքի հաներ», հատկապես խորհրդարանական ամբիոն ունեցողները, ցանկացած երկրում ցանկացած կապեր ունեցողները: Սա է միակ տարբերակը` կամ չխանգարել, կամ գործ անել:

Որովհետեւ այս ամենը հիշվելու է, մնալու է պատմության մեջ: Անկախ նրանից, թե ով ինչպես է մեկնաբանելու իր վարքը` ապագա սերունդները սեփական, օբյեկտիվ մեկնաբանությունն են ունենալու: Ու նաեւ հնարավորություն են ունենալու համեմատել նրանց պահվածքը 2016-ին եւ հիմա: Ու եթե տեսնեն, որ կան գործիչներ կամ ուժեր, որ, ասենք, 2016-ի ապրիլյանի օրերին մոբիլիզացվել են, աշխատել են, իսկ հիմա` առնվազն ոչ, հասկանալու են, որ այդ մարդիկ, ուրեմն, էն ժամանակ էլ հանուն պետության չեն գործել, այլ` հանուն իշխանության կամ իշխանության հանդեպ վախից; Որովհետեւ ստիպել են, ոչ թե իրենք են սեփական կամքով լծվել:

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, մարդիկ կույր չեն, նրանք հասկանում են, թե ով եւ երբ էր լծվում պետության առաջ մարտահրավերների դեմն առնելու գործին, իսկ ովքեր էին փորձում պղտոր ջրում ձուկ որսալ:

Արսեն Օհանյան