18.07.2020 12:30

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու․ Մեզ սպառնում է «Միլանի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» ճակատագիրը

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու․ Մեզ սպառնում է «Միլանի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» ճակատագիրը

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը կատալոնական ակումբի ղեկավարման արդյունավետ մոդելի ներդրմանն այլընտրանք չի տեսնում՝ կանխատեսելով, որ հակառակ դեպքում ակումբը տիտղոսներ չի նվաճի։

«10 տարում սպորտը դարձել է շատ ավելի պրոֆեսիոնալ բիզնես։ Դուք տեսնում եք, թե ինչպես են կառավարվում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները։ Նույնիսկ պետությունների ներկայացուցիչներ են դառնում ակումբի սեփականատերեր եւ հսկայական միջոցներ ծախսում, տնտեսական մոդելը հասցվում է եզրագծին։

Եթե մենք չունենանք գերարդյունավետ կառավարում եւ չհասնենք մեր նպատակներին, կդառնանք «Միլանի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբ առանց տիտղոսների»,- Ֆոնտի խոսքը մեջբերում է AS-ը։

Ֆոնտը ցանկանում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել թիմի լեգենդար խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում «Բարսելոնան» 1։2 հաշվով պարտվեց «Օսասունային» եւ բավարարվեց փոխչեմպիոնի կոչումով։ Երեք տարի անց դարձյալ չեմպիոն հռչակվեց Մադրիդի «Ռեալը»։

«Բարսելոնայի» նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021 թվականին։