18.07.2020 22:38

ՀՀ ՊՆ. Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետակոծություն չի եղել. ամփոփ

ՀՀ ՊՆ. Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետակոծություն չի եղել. ամփոփ

ՀՀ պաշտպանության նախարարության ամփոփ հաղորդագրությունը.

«Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի վրա: Բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին: Դա հնարավորություն է տվել, թեկուզ որոշակի ռիսկային իրավիճակում, իրականացնել վերականգնման աշխատանքներ։

Երեկ օրվա վերջում ավարտվել են ենթակառուցվածքների նորոգումները, այդ թվում ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները, ինչն էլ հնարավորություն է տվել մարդկանց այսօր վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին և իրականացնեն գյուղատնտեսական աշխատանքներ։
Զուգահեռաբար իրականացվել է նաև գույքագրում, գործընթացը գրեթե ավարտվել է։ Ամբողջական գնահատումը կլինի 1 շաբաթվա ընթացքում։

Արդեն այսօրվա դրությամբ առանձնացվել է 12 տուն. 6-ը՝ Այգեպար գյուղում և 6 տուն՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ կարող են սկսվել վերականգնողական աշխատանքները:

Գույքագրման ընթացքում հայտնաբերվել են տներ, որոնք հրետակոծվել են ոչ թե այս օրերին, այլ նախորդ հրետակոծությունների ժամանակ: Այդ տները նույնպես կվերանորոգվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են տեղի շինարարական ընկերությունների և շինարարների կողմից, ինչպես նաև մեր այն հայրենակիցների կողմից, որոնք համավարակով պայմանավորված չեն կարողացել մեկնել արտերկիր: Սա չի նշանակում, որ անվտանգության նորմերն այս օրերին խախտվել են:

Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում նաև քաղպաշտպանության համակարգերում, այդ թվում նաև համալրումներ են նախատեսվում ապաստարաններում, արդեն իրականացվել է տրանսպորտային միջոցների զննություն, լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել ամբուլատորիաներին, գյուղերին տրամադրվել են շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Շարունակվել է անցակետային հսկողությունը Բերդ տանող ճանապարհին, և՛ Ճամբարակից, և՛ Իջևանից, և՛ Վազաշենից: Անցակետերի նպատակն է ընդհանուր հսկողությունը ելքի, մուտքի նկատմամբ, որպեսզի հնարավոր սրացումների դեպքում օգնությունն ավելի հասցեական լինի»։